17 հոկտեմբեր, 2019 11:35

Մի՛ եղեք մաչո, մի՛ եղեք հիմար․ Թրամփի նամակը Էրդողանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որում կրկին սպառնում է ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը և առաջարկում է համաձայնության գալ Սիրիայի հյուսիսի քրդական ուժերի հետ։ Նամակի տեքստը հրապարակել է CNN-ը։ 

«Եկեք լավ գործարք կնքենք։ 

Դուք չեք ցանկանում հազարավոր մարդկանց կոտորելու համար  պատասխանատվություն կրել, իսկ ես չեմ ուզում պատասխանատու լինել Թուրքիայի տնտեսությունը ոչնչացնելու համար, ինչը ես կանեմ։ Ես Ձեզ մի փոքր օրինակ եմ տվել՝ կապված քահանա Բրենսոնի հետ:

«Ես քրտնաջան աշխատել եմ՝ Ձեր որոշ խնդիրների լուծման համար: Աշխարհին հուսախաբ մի՛ արեք։ Կարող եք հիանալի գործարք կնքել։ Գեներալ Մազլումը պատրաստ է բանակցություններ վարել Ձեզ հետ, և նա պատրաստ է գնալ զիջումների, այնպիսին, ինչպիսին անցյալում երբեք չեն արել։ Ես կոնֆիդենցիալ  կցում եմ ինձ ուղղված նրա նամակի պատճենը, որը հենց նոր եմ ստացել:

Պատմությունը բարենպաստ կվերաբերվի Ձեզ, եթե սա անեք ճիշտ և մարդասիրական ճանապարհով: Սակայն աշխարհը Ձեզ հավիտյան  սատանայի տեղ կընդունի, եթե լավ բաներ չլինեն:

Մի՛ եղեք մաչո, մի՛ եղեք հիմար։ Ես Ձեզ ավելի ուշ կզանգահարեմ»:

Զառա Պողոսյան