17 հոկտեմբեր, 2019 09:02

Սա բաց առաջարկ է, որից կարող են օգտվել տեղական և օտարերկրյա բոլոր ավիաընկերությունները․ Փաշինյան

Սա բաց առաջարկ է, որից կարող են օգտվել բոլոր տեղական եւ օտարերկրյա ավիաընկերությունները․ Ֆեյսբուքում այսպիսի գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իռլանդական Ryanair լոուքոստեր ավիաընկերության սպասվող մուտքին Հայաստան։

«Ryanair-ը պաշտոնապես հայտարարեց, որ 2020 թվականի հունվարից մտնում է հայկական ավիափոխադրումների շուկա եւ 2020 թվականի հունվարից կանոնավոր թռիչքներ կիրականացնի Հռոմից Երեւան, Միլանից Երեւան, իսկ ամռանից նաեւ Բեռլինից Երեւան: Եվ որ ավելի կարեւոր է՝ ամռանը կսկսվեն Մյունխենից դեպի Գյումրի թռիչքներ:

Ryanair-ի մուտքը մեր շուկա միանշանակ ավելացնելու է զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան եւ հանգեցնելու է ավիատոմսերի գների անկման:

Հիշեցնեմ, որ բոլոր այն ուղղությունների համար, որոնցով վերջին մեկ տարվա ընթացքում Երեւանից կամ Գյումրիից թռիչքներ չեն իրականացվել, կառավարությունը պարտավորվել է վերացնել «օդի տուրքը», իսկ Գյումրիի պարագայում գործելու են նաեւ լրացուցիչ ֆինանսական խթաններ:

Հարկ եմ համարում հատուկ ընդծել, որ սա բաց առաջարկ է, որից կարող են օգտվել բոլոր տեղական եւ օտարերկրյա ավիաընկերությունները: Առաջին ծիծեռնակը դարձավ Ryanair-ը»,- գրել է Փաշինյանը:

Հոկտեմբերի 16-ին իռլանդական Ryanair ավիաընկերությունը Երևանում հրավիրված ասուլիսին հայտարարեց, որ կսկսի թռիչքներ իրականացնել Հայաստանից Եվրոպա՝ Իտալիա և Գերմանիա։

Մարիա Եղիազարյան