17 հոկտեմբեր, 2019 15:34

Սա մի ավիաընկերության հետ պայմանավորվածություն չէ․ վարչապետը՝ Ryanair-ի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հոկտեմբերի 17-ի նիստին անդրադարձել է Հայաստանի շուկա մուտք գործած Ryanair ընկերությանը, որը մի շարք ուղղություններով էժան տոմսեր է առաջարկում։

«Կարծում եմ՝ մեր քաղաքացիական ավիացիայի համար շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, և Եվրոպայի ամենամեծ ավիաընկերությունը Հայաստան մուտք գործելու որոշում է կայացրել»,- ասել է վարչապետը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ որ Հայաստանից դեպի Եվրոպա Ryanair ընկերությունն այս պահին առաջարկում է 4 ուղղություն, 2–ը` Իտալիա, 2-ը` Գերմանիա։ Ըստ փոխվարչապետի՝ ընկերության գնային քաղաքականությունը միտված է հնարավորինս էժան և մատչելի տոմսեր առաջարկելուն:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է այդ իրադարձության կարևորությունը և նշել. «Շատ կարևոր է արձանագրել, որ այս խնդիրը լուծելու համար կառավարությունում եղել են շատ բուռն քննարկումներ: Կարծում եմ՝ պետք է ընդգծել, որ այս գործընթացում շատ մեծ դեր է ունեցել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, «Զվարթնոց միջազգային օդանավակայանը», շատ գործընկերային դիրքորոշում են ցուցաբերել այս խնդրի լուծման համար: Եվ, իհարկե, կառավարությունը շատ սկզբունքային որոշում է կայացրել: Սկզբունքային որոշումը հետևյալն է՝ այն ուղղություններով, որոնք վերջին 12 ամսվա ընթացքում չեն սպասարկվել, չվերթ կբացվի, այդ ուղղություններով օդի տուրքը կհանվի: Շատ կարևոր է արձանագրել, որ սա վերաբերում է բոլոր, առանց բացառության, բոլոր ավիաընկերություններին: Այսինքն՝ սա մի ավիաընկերության հետ կայացված պայմանավորվածություն չէ: Իհարկե, որևէ կասկած չկա, որ այս փոփոխությունն իր հետևից բերելու է շատ լուրջ տեղաշարժեր մեր ավիացիայի շուկայում, և որևէ կասկած չկա, որ այդ փոփոխությունները լինելու են հօգուտ սպառողի, հօգուտ մեր քաղաքացիների և, իհարկե, հօգուտ մեր տնտեսության, որովհետև տուրիզմը մինչև այս էլ դինամիկ զարգացող տնտեսության ճյուղ էր, և սրանից հետո ավելի դինամիկ է զարգանալու:

Շատ կարևոր է, որ մենք մեր ռազմավարական պատկերացումների կապակցությամբ լինենք հետևողական և երբեմն, ինչպես հետո ժամանակն է ցույց տալիս, անիմաստ աղմուկ-աղաղակներին չհետևենք և հետևողական գնանք մեր ռազմավարական որոշումների հետևից, որովհետև այս փորձը ցույց է տալիս, որ արդյունք լինելու է: Եկեք արձանագրենք, որ ի սկզբանե, երբ խոսակցություն գնում էր այս մասին՝ շեշտադրումն այն էր, որ սա չի լինելու, անիմաստ աղմուկ է, ինչի բյուջեի փողերը ծախսում են, գնում են գործուղումների և այլն: Այնպես որ արձանագրենք՝ հաստատակամությունը որոշումները մինչև վերջ տանելու առումով շատ կարևոր է կառավարման համակարգում»:

Կարդացե՛ք նաև՝

Իտալիա և Գերմանիա․ Ryanair-ը էժան չվերթներ կիրականացնի Երևանից և Գյումրիից

Սա բաց առաջարկ է, որից կարող են օգտվել տեղական և օտարերկրյա բոլոր ավիաընկերությունները․ Փաշինյան

Մարիա Եղիազարյան