18 հոկտեմբեր, 2019 10:54

ՀՀ ԱԳՆ-ն հիշեցնում է՝ Կազանյան փաստաթուղթը մերժվել է հենց Ադրբեջանի կողմից

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի՝ «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում արած հայտարարությունները։

- Ադրբեջանի ԱԳ նախարարը իր հարցազրույցում «հիասթափություն» է հայտնել ՀՀ ԱԳ նախարարի հետ վերջին հանդիպման վերաբերյալ՝ նշելով նաև, որ բանակցությունների հիմք է Մադրիդյան սկզբունքների հիման վրա մշակված Կազանյան փաստաթուղթը: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունն այս առնչությամբ։

- Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարի կարծիքի առնչությամբ պարզապես ցանկանում եմ թեթևակի հիշեցում անել, որ Կազանյան փաստաթուղթը մերժվել է հենց Ադրբեջանի կողմից: Մենք հետևողականորեն ներկայացրել ենք Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում մեր սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները, որոնցում առաջնային նշանակություն ունեն Արցախի անվտանգության և կարգավիճակի հարցերը: Մենք հետևողականորեն աշխատում ենք մեր օրակարգի շուրջ:

- Իր հարցազրույցում Ադրբեջանի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև ծագումով հայերի՝ Ադրբեջան այցելելու հետ կապված խնդիրներին՝ ներկայացնելով խնդրի լուծման յուրօրինակ տարբերակ: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

- Այն, որ հայերը Ադրբեջանում խտրականության թիրախ են հանդիսանում, մեզ համար նորություն չէ: Ըստ էության, իր հարցազրույցում դա հաստատում է նաև Ադրբեջանի ԱԳ նախարարը, ով ընդունում է ծագումով հայերի նկատմամբ իրականացվող խտրական քաղաքականության առկայությունը, ինչի մասին բազմիցս բարձրաձայնվել է նաև այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից՝ մասնավորապես ՌԴ և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից: Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի՝ առկա խտրական քաղաքականության կառավարման լավագույն տարբերակն Ադրբեջան ամեն մի հայի մուտքի հարցը բանակցությունների առարկա դարձնելն է: 

Ինչ է ասել Մամեդյարովը «Իզվեստիա»-ին

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հարցարզրույց է տվել ռուսաստանյան «Իզվեստիա» թերթին։ Պատասխանելով հարցին, թե արդյոք Զոհրաբ Մնացականյանի հետ իր հանդիպումներից կա՞ օգուտ, և կարելի՞ է խոսել, որ հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց կա, ասել է․ «Մենք դեռ սպասում ենք արդյունքների։ Վերջին անգամ մենք հանդիպել ենք ԱՄՆ-ում մեկ ամիս առաջ։ Ես արդեն ասել եմ, որ ցավոք, մենք պետք է խոսենք ոչ թե բանակցությունների մասին, այլ հենց հանդիպման։ Չնայած վերջին նման հանդիպումը իմ հայ պաշտոնակցի հետ եղել է Նյու Յորքում Մինսկի խմբի մասնակցությամբ, ես, անկեղծ ասած, մի քիչ հիասթափված եմ դրանից։

Եթե մենք ուզում ենք առաջ շարժվել և ուզում ենք այդ վեճի քաղաքական լուծում, ապա պետք է սկսել այն, ինչ կոչվում է «սուբստանտիվ բանակցություններ»՝ որ լինի ինչ-որ նյութ, սուբստանցիա, որի հիման վրա էլ ընթանա զրույցը։

[...]

Այն, ինչ դրվել էր 2008-ի Մադրիդյան փաստաթղթի հիմքում, իսկ այնուհետև 2010-ի դրա վերանայված տարբերակում, ապա՝ Կազանյան փաստաթղթում՝ այդ ամենը վերամշակվում է, վերամշակվում է, բայց սկզբունքորեն մնում է բանակցությունների հիմք։ Մենք անընդհատ ասում ենք մեր համանախագահներին՝ ոչ մի տեղ չենք կորելու, պետք է նստել և առարկայական բանակցություններ վարել Երևանի հետ մի փաստաթղթի շուրջ, որն այսօր սեղանին է»։

Կարդացե՛ք

Կազանի փաստաթուղթը 1997-ի փուլայինն է՝ հանրաքվեի հեռանկարով

Ստելլա Մեհրաբեկյան