21 հոկտեմբեր, 2019 13:22

Թավշյա հեղափոխության ոչ թավշյա քայլերին սպասելիս

Ուսանողական ազնիվ ըմբոստությունը վճռական նշանակություն ունեցավ Թավշյա հեղափոխության համար։ Ուսանողների ակտիվ մասնակցությունը հեղափոխությանը ի թիվս այլ նպատակների ուներ մեկ կարևոր նշանակետ՝ բարեփոխումներ բուհերում, ուսանողի դերի արժևորում Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում։ Բայց ի՞նչ ունենք մենք հիմա, արդյոք ուսանողները հասա՞ն իրենց նպատակին, ո՞ւր են և ի՞նչ են անում այդ ուսանողները հիմա։

Թավշյա հեղափոխությունը ժողովրդավարության հաղթանակն էր ավտորիտարիզմի նկատմամբ։ Սակայն հաղթանակը պետք է ամրապնդել, ինստիտուցիոնալացնել ու կայացնել։ Հակառակ դեպքում կա ռիսկ, որ գրանցված հաջողությունը չի լինի պրոակտիվ, երկարաժամկետ ու ավելի շատ կնմանվի ռեակցիոն պահի, որը, հիշվելով մեծ ռոմանտիզմով, կդառնա կարոտաբաղձություն։ Ժողովրդավարական համակարգը չի կարող գոյություն ունենալ առանց ինստիտուտների, ժողովրդավարությունում միևնույն շահերն ունեցող խմբերը պետք է միավորվեն, ստեղծեն կառույցներ, որպեսզի հնարավորինս արդյունավետ օգտագործեն իրենց ներուժը ու ազդեն որոշումների կայացման վրա։ Եթե սա տեղի չունենա, կլինի ակտիվության անկում ու վերջնական մարում։

Այժմ եկեք տեսնենք, թե ինչ վիճակ ունենք այս առումով ուսանողների մասով։

Մինչ հեղափոխությունը ուսանողների շահերը թե՛ բուհերում, թե՛ դրանցից դուրս պետք է ներկայացնեին ու պաշտպանեին համալսարանում գոյություն ունեցող միակ ուսանողական միավորները՝ ուսանողական խորհուրդները (չհաշված ՈՒԳ-ները, պարզապես վեջիններս զբաղվում են  գիտական աշխատանքով)։ Ցավոք, հիմնական դեպքերում վերջիններս ոչ թե չէին պաշտպանում ուսանողների մեծամասնության շահերը, այլ ոտնահարում էին դրանք։ Ուսանողական շատ խորհուրդներ վերապրոֆիլավորվել էին ու ավելի շատ ծառայում էին որպես կադրային բանկ նախկին ռեժիմի համար։ Պատահական չէ, որ կարկառուն շատ ՀՀԿ-ականներ իրենց քաղաքական կարիերան սկսել են հենց ուսանողական խորհուրդներից։

Ուսանողները հույս ունեին, որ ներկայիս իշխանությունները, հավատարիմ մնալով թե՛ հեղափոխությունից առաջ, թե՛ հեղափոխության ընթացքում իրենց տված խոստումներին, կազատականացնեին ուսանողական կառույցները համալսարաններում՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ հեղափոխությունից հետո առկա ուսանողական ներուժը իրացնելու համար։  Սակայն արի ու տես, որ կառավարությունը իրեն պատասխանատու չի համարում բուհերում տեղի ունեցած ու դեռ շարունակվող ապօրինությունների համար։ Ավելին, ոչ մեկ անգամ ուսանողական որոշ խմբեր պարզ ցույց տվեցին ներկա ուսանողական խորհուրդների մեծամասնության անօրինական լինելը ու տվեցին իրավական հստակ վերլուծություն։ Վերջինը տրվել է Շիրակի պետական համալսարանի «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության կողմից այս ամիս։  

Արդյունքում, ակտիվ ուսանողական խմբերը որոշեցին ինքնուրույն ազատականացնել դաշտը, բայց արի ու տես, որ ուսանողական խորհուրդներ կոչվող խմբերի աջակցությանը լծվեցին ոչ միայն համալսարանական վարչակազմերը, դեկանները, այլև քոչարյանական ու «միշիկական» լրատվամիջոցները։ Բայց նույնիսկ այս պայմաններում հաղթանակը ուսանողների կողմն էր, պարզապես նախարարությունը ցուցաբերեց հանցավոր անգործություն։ Այլ կերպ ասած հեղափոխության արդյունքում իշխանության եկած կառավարությունը խուսափեց կատարել իր պարտականություններն ու խոստումները, չցանկացավ կառավարական աշխատասենյակներից իջնել բուհեր, պաշտպանել հեղափոխական արժեքները՝ մենակ թողնելով ուսանողության, դասախոսության փոփոխության ծարավ խմբերին։

Արդյունքում համալսարաններում առկա նախկին ռեժիմին հավատարիմ խմբերը, որոնք հույս ունեն, որ հեղափոխությունը կտապալվի, Քոչարյանին կարդարացնեն, ու իրենց անդորրը խանգարած քաղաքացիները, այդ թվում ուսանողները 2018թ․ ապրիլին զանգվածային անկարգություններ խթանելու համար կհայտնվեն բանտերում, միավորվեցին ու շարունակում են ատամներով պահել իրենց հենակետերը՝ ուսանողական խորհուրդները՝ դրանով իսկ ճնշելով ուսանողական զարթոնքը։

Զարմանալի չէ, որ թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ նախկին իշխանությունների ցանցերը փորձում են ստեղծել երիտասարդական-ուսանողական կառույցներ, փորձում են ներկայիս ՈՒԽ-ներին ներգրավել՝ տրամադրելով տարբեր տեսակի օգնությունն։ Այժմ բուհերի մեծամասնությունում նախկին ռեժիմին ծառայող ՈՒԽ-ները շարունակում են տնօրինել ֆինասնական, տարածքային ռեսուրսներ, ունեն բուհի ներսում ուսանողների հետ աշխատելու մենաշնորհ, վայելում են նախկին հանցավոր ռեժիմների քողարկված աջակցությունը։ Արդարության համար պետք է նշել, որ ՈՒԽ-ների անդամ ուսանողների մեծամասնությունը պարզապես չգիտի, թե իրականում ինչ նպատակ ունեն այդ խմբերը, բայց քանի որ համալսարաններում ուսանողական այլ միավորներ չկան, գնում են այնտեղ։

Այն բուհերում, որտեղ տեղի ունեցան ռեկտորների փոփոխություններ, ՈՒԽ-ների հետ կապված ոչինչ չփոխվեց՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևանի պետական համալսարան։ Առաջինում ՈՒԽ-ն իր գոյությունը պահելու համար կողմ քվեարկեց նոր ռեկտորին՝ իրեն ապահովագրելով, երկրորդում առաջին ռեկտորի ժամանակ շարունակում էին իրենց հանգիստ աշխատանքը, իսկ նոր ռեկտորի դեպքում դեռ տեղաշարժեր չկան։ ԵՊՀ-ի դեպքում պատմությունը ավելի երկար է, բայց ավելի պարզ ու հստակ, ՈՒԽ-ի մոտ որևէ իրական փոփոխություն չկա։

Մյուս կողմից ունենք ուսանողական խմբեր, որոնք համալսարաններում երկարաժամկետ գործունեություն իրականացնելու համար չունեն ու չեն կարող դիմել ունենալու անհրաժեշտ ռեսուրսներ՝ ֆինանսներ, տարածք, իրավական կարգավիճակ ու այլ միջոցներ։ Այս խմբերի գործունեությունը թիրախավորվում է թե՛ բուհերում, թե՛ համացանցում։  Սրան գումարած՝ այս ուսանողները այլևս ոչինչ չեն կարող ակնկալել ներկա կառավարությունից, քանի որ վերջիններս ուղղակի չեն ուզում անել քայլեր, որոնք կարող են բերել դժգոհություն, ինչը կազդի իրենց հեղինակության ու լեգիտիմության վրա։ Այժմ ներկայիս իշխանություններին քննադատելը ամենաբարդ գործերից  մեկը չէ, նախկիններին պարսավելը նույնպես հեշտ է։ Բայց նաև փաստ է, որ եթե չգնահատվի անցյալը, չհասկանանք ներկան, անհնար է ծրագրել ապագան։ Ամեն ինչ պարզից էլ պարզ է՝ խոսելուն զուգահեռ պետք է շարունակել գործել՝ իրականացնելով որոշ փոփոխություններ գործունեության մեթոդաբանությունում։

Մյուս հոդվածում կփորձեմ խոսել այն մասին, թե ինչ կարող են անել այն ուսանողները, որոնք չեն համակերպվում այս վիճակի հետ։ 

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: