21 հոկտեմբեր, 2019 11:53

Ռադայում հայ-ուկրաինական բարեկամական խումբ է ստեղծվել, ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը և վստահություն հայտնում, որ ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Ուկրաինա 16 անդամ ունեցող բարեկամական խումբը և ուկրաինացի գործընկերները կգործադրեն առավելագույն ջանքերը ոչ միայն միջխորհրդարանական հարաբերությունները զարգացնելու, այլև երկու երկրների և ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերը և գործակցությունը զարգացնելու ուղղությամբ։

«Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումն ողջունելի է: Վստահ ենք, որ ՀՀ Ազգային ժողովում գործող՝ պատգամավոր Հովհաննես Իգիթյանի գլխավորած Հայաստան-Ուկրաինա 16 անդամ ունեցող բարեկամական խումբը և ուկրաինացի գործընկերները կգործադրեն առավելագույն ջանքերը ոչ միայն միջխորհրդարանական հարաբերությունները զարգացնելու, այլև երկու երկրների և ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերը և գործակցությունը զարգացնելու ուղղությամբ։  

Համոզված ենք, որ հետագայում նույնպես Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության և հայ համայնքի, ինչպես նաև ուկրաինացի բարեկամների հետևողական աշխատանքը կլինի նույնքան արդյունավետ»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, Հայաստանի հետ բարեկամական խումբը գլխավորել է իշխող՝ «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Արտյոմ Դմիտրուկը, խմբում ընդգրկված է 12 պատգամավոր։