22 հոկտեմբեր, 2019 17:17

Նաիրի Հունանյանը դիմել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով

«Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանը, որն իր պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով. այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

Նավիկյանի խոսքով՝ այս տարի լրանում է Հունանյանի դատապարտման 20 տարին, նա պայմանական վաղակետի համար դիմում է ներկայացրել, որն ընթացքի մեջ է։

Նաիրի Հունանյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին եղբոր, քեռու և մի քանի այլ անձանց հետ հարձակում է գործել Ազգային ժողովի վրա։ Գործողությունների հետևանքով զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է: