23 հոկտեմբեր, 2019 18:49

Այս խաղակեսը Մոսկվան ջախջախիչ հաշվով հաղթեց․ եվրոպական մամուլը՝ Պուտին-Էրդողան բանակցությունների մասին

Եվրոպական մամուլը լայնորեն անդրադարձել է հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ և Թուրքիայի նախագահներ Վլադիմի Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցություններին։  

Ո՞ւմ ձեռքերում է Սիրիայի ճակատագիրը, հարցադրում է անում Eurotopics կայքը։

Կայքը նշում է, որ Պուտինը և Էրդողանը Սոչիում հանդիպման ժամանակ Սիրիայի վերաբերյալ միասնական ծրագիր են մշակել, որը բաղկացած է տասը կետից։ Ի թիվս այլ բաների՝ որոշում է ընդունվել 150 ժամվա ընթացքում երկարաձգել հրադադարը, ինչպես նաև ստեղծել մերձսահմանային բուֆերային գոտի, որը քրդական ազգային ինքնապաշտպանական ջոկատները պետք է լքեն։ Դրանից հետո այդ տարածքների վերահսկողությունը կիրականացնեն ռուսական, թուրքական և սիրիական ուժերը։ 

Ավստրիական Der Standard թերթը գրում է, որ այդպիսի շահ Պուտինն ինքն էլ չէր սպասում։ Թերթի կարծիքով՝ այդ հանդիպումը և դրա արդյունքները ակնհայտորեն ցույց են տալիս Ռուսաստանի հարաճուն ազդեցությունը։

Սիրիայում ռազմական գործողությունների առիթով քննադատությունը, որը Արևմուտքը թափեց Էրդողանի վրա, վերջինիս ընդհանրապես չի անհանգստացնում։ Սակայն եթե Թուրքիայի նախագահը իրոք ցանկանում է Սիրիայում ինչ-որ բանի հասնել, դա կարող է անել միայն Ռուսաստանի և Կրեմլի համաձայնությամբ։ Վլադիմիր Պուտինը պաշտոնակցին Սոչի էր հրավիրել, որպեսզի նրա հետ բանակցի Սիրիայի հետագա ճակատագրի շուրջ։ Արդեն միայն դա ցույց է տալիս, թե միջազգային դաշտում Ռուսաստանը նորից ինչ իշխանություն և ազդեցություն ունի։ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո փաստորեն Ռուսաստանը մնաց Մերձավոր Արևելքում կարգուկանոնի պատասխանատու միակ խոշոր պետությունը։ Դա ավելին է, քան կարող էր երազել Ռուսաստանը, երբ 2015-ին Պուտինը որոշում ընդունեց ռուսական ռումբերի միջոցով օգնել Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադին մնալու իշխանության գլխին։

Թուրքական Yetkin Report-ում լրագրող Մուրաթ Ետկինը գրում է, որ Պուտինը ապշեցուցիչ արդյունքների է հասել։ 

Էրդողանը դե ֆակտո բանակցում է Ասադի հետ, գրում է նա։ Պուտինը, որին ամբողջ աշխարհը համարում է սիրիական ճգնաժամի գլխավոր շահառու, Էրդողանից էլ ստացավ այն, ինչ ուզում էր՝ համաձայնություն, որ այս պահից ամբողջ գործընթացը կանցկացվի սիրիական ռեժիմի հետ համագործակցությամբ։ Ընդ որում, Էրդողանն ի սկզբանե Սիրիայի պատմության մեջ ներգրավվել էր այն մտքով, որ Ասադը կհեռանա, Բաաս կուսակցության ռեժիմը կտապալվի, իսկ նրա տեղում, ամենանախընտրելի դեպքում, կգա Մուսուլման եղբայրների մասնակցությամբ կառավարություն։ Այժմ Էրդողանը, չնայած, որ Պուտինին չի խոստացել բանակցել Ասադի հետ, բայց ամեն դեպքում խոստացել է համագործակցել Բաասի ռեժիմի հետ։ Առկա իրավիճակում պարզ չէ՝ Ասադը դեռ ինչքան կպահի իր դիրքերը, բայց ինչ-որ առումով նա արդեն հստակ հաղթել է։

Իտալական La Repubblica-ի հոդվածը վերնագրված է «Ցարն ու սուլթանը կիսում են Սիրիան»։ Թերթը գրում է, որ Արևմտյան Քրդստանի վրա կարելի է վերջնականապես խաչ քաշել։

Հրաժեշտ Ռոժավային։ Քոբանի քաղաքը շուտով նորից կհայտնվի թուրքական զորքերի ձեռքում։ Արևմտյան Քրդստանի մասին երազանքը Սիրիայի հյուսիսում վերջնականապես թաղվեց՝ Սև ծովի ափին՝ Սոչիում ընթացող բանակցությունների 7-րդ ժամին։ Իրենց հանդիպման ընթացքում ցարն ու սուլթանը իրար մեջ բաժանեցին քրդերի ինքնավար տարածքների մնացորդները։ Դրանով Պուտին-Էրդողան դաշինքը հաստատում է Ռոժավայի՝ քրդական ինքնավարության փորձի տապալումը, և դա այն բանից հետո, երբ հակամարտության զոհ դարձան հարյուրավոր խաղաղ բնակիչներ։ Քրդական բնակչությանը մնում է կամ փախչել հարավ՝ Սիրիա, որը ղեկավարում է Ասադը, կամ ենթարկվել օկուպացիոն նոր ռեժիմին։

Ռուսական Комменсантъ FM ռադիոկայանը ցույց է տալիս, որ Մերձավոր Արևելքում միջնորդի դեր ստանձնած Ռուսաստանին խորհուրդ չի տրվում համարել, որ հետագայում խաղը այսքան հեշտ կլինի։ 

Ինչպես տեսնում ենք, նույնիսկ ավելի զարգացած տնտեսություն ունեցող Միացյալ Նահանգներին չհաջողվեց այդ առաքելությունը։ Մոսկվայի գերլարվածությունը չի՞ ավելանա, նա չի՞ քայքայվի, Սիրիան նրա համար երկրորդ Աֆղանստան չի՞ դառնա, ինչը վերջերս չարախնդորեն ակնարկում էր Դոնալդ Թրամփը։ Դեռ այդպիսի նշաններ չկան։ Սակայն թուլանալ, դափնիների վրա հանգչել հաստատ չարժե։ Աշխարհաքաղաքական հաղթանակները միշտ չէ, որ Ռուսաստանին այդքան հեշտ կտրվեն, ինչպես դա պատահեց հիմա՝ ամերիկյան զորակազմի՝ Սիրիայի հյուսիս-արևելքից դուրս գալուց հետո։ Մերձավորարևելյան մրցախաղի այս խաղակեսը Մոսկվան ջախջախիչ հաշվով հաղթեց։ Բայց պետք չէ պատրանքներ ստեղծել։ Այդպիսի հաշիվը շատ առումներով բացատրվում է նրանով, որ մրցակիցը հանել է դարպասապահին և Ռուսաստանի դատարկ դարպասը գոլեր ուղարկելու հնարավորություն տվել։ Իսկ այսպես, իհարկե, միշտ չի լինի։

Լուսինե Վարդանյան