23 հոկտեմբեր, 2019 15:30

Ինչ են պայմանավորվել Էրդողանն ու Պուտինը Սիրիայի հարցի շուրջ

Հոկտեմբերի 22-ին Սոչիում կայացել են Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի բանակցությունները, որոնք տևել են ավելի քան 6 ժամ։ Ղեկավարները ստորագրել են հուշագիր, որը նախատեսում է Սիրիայի և Թուրքիայի սահմանին ռուս-թուրքական համատեղ պարեկություն։ Նախագահները քննարկել են Սիրիայի հյուսիս-արևելքում տիրող իրավիճակն ու թուրքական գործողությունը։

«Պարոն Էրդողանը տվեց մանրամասն պարզաբանումներ, որոնք առնչվում են թուրքական գործողության նպատակներին ու խնդիրներին։ Մենք բազմիցս ենք նշել, որ ըմբռնումով ենք մոտենում Թուրքիայի ձգտմանը՝ իր ազգային անվտանգությունը հուսալիորեն ապահովելու հարցում»,- հանդիպման արդյունքներով ասել է Պուտինը։ Նա շեշտել է՝ կարևոր է, որ թուրքական բանակի գործողություններից չօգտվի Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը, որի անդամները պատանդ են պահվում քրդական ուժերի կողմից։

«Սիրիան պետք է ազատվի օտարերկրյա ապօրինի ռազմական ներկայությունից։ Սիրիայում ամուր և երկարաժամկետ կայունացման, մեր կարծիքով, կարելի է հասնել այդ երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման պայմանով։ Սա սկզբունքային դիրքորոշում է, և մենք հանգամանալից խոսել ենք այդ մասին Թուրքիայի նախագահի հետ»,- հայտարարել է Պուտինը։

ՌԴ նախագահի խոսքով՝ Սիրիայում իրավիճակի հարցով կողմերին հաջողվել է հասնել «ճակատագրական» որոշումների։ Էրդողանի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի 10 կետերը հետևյալն են․

  • Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ից, թուրք-սիրիական սահմանի սիրիական հատված՝ Թուրքիայի գործողության գոտուց դուրս, կմտցվեն ռուսաստանյան ռազմական ոստիկանության և սիրիական սահմանային ծառայության ստորաբաժանումներ,
  • Քրդերին կտրվի լրացուցիչ 150 ժամ (ավելի քան 6 օր)՝ Սիրիայի մերձսահմանային շրջանները լքելու և երկրի խորք նահանջելու համար,
  • Քրդական զինուժի՝ սահմանից 30 կմ խորությամբ հետ քաշումից հետո Ռուսաստանն ու Թուրքիան կանցկացնեն 10 կմ խորությամբ համատեղ պարեկություն՝ թուրքական գործողության շրջանից դեպի արևելք և արևմուտք,
  • Թուրքիայի գործողության ներկայիս շրջանում ստատուս քվոն՝ 32 կմ խորությամբ (Թել Աբյադի և Ռաս ալ-Այնի միջև), կպահպանվի,
  • Քրդական բոլոր ուժերը դուրս կբերվեն Մանբիջից և Թալ Ռիֆաթից,
  • Ռուսաստանն ու Թուրքիան կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ թուրք-սիրիական սահմանով հնարավոր ահաբեկիչների ներթափանցումը կանխելու համար։

ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն հստակեցրել է՝ Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի ներկայության ժամկետների մասին խոսք չի գնացել․ այս պահին «կարևորը ճգնաժամային իրավիճակից դուրս գալն է»։

Ամերիկյան լրատվամիջոցները, գրելով Էրդողան-Պուտին պայմանավորվածության մասին, նկատում են․ այս իրավիճակում աշխարհաքաղաքական իմաստով կորցրել է ԱՄՆ-ը, որը, դուրս բերելով իր ուժերը տարածքից, «նվեր է արել Պուտինին»։ CNN-ը նկատում է, որ Վաշինգտոնի համար երեկվա պայմանավորվածությունը «նվաստացուցիչ էր» և մեջբերում է Շոյգուին, որն ասել է․ «Ժամանակն է, որ ամերիկացիները դուրս գան Սիրիայից»։

Այս ամենին զուգահեռ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում այս փուլում թուրքական նոր գործողության անհրաժեշտություն չկա։ Գերատեսչությունը շեշտել է, որ այսօրվանից սկսվելու է համատեղ աշխատանքը Ռուսաստանի հետ՝ ի կատարումն Էրդողան-Պուտին պայմանավորվածության։

Ստելլա Մեհրաբեկյան