24 հոկտեմբեր, 2019 09:46

Սիրիայի հարցով Սոչիի համաձայնությունները առնչվում են Սիրիայի հայության անվտանգությանը․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել՝ անդրադառնալով Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների՝ Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությանը։

«Ուրախ եմ արձանագրել, որ Սիրիայի հարցով Սոչիում ձեռք բերված համաձայնությունները անդրադարձ ունեն նաև այն հարցերին, որոնք առնչվում են Սիրիայի հայության անվտանգության հարցերին և որոնց վերաբերյալ քննարկումներ էի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Սա ընդգծում է հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական-դաշնակցային բնույթը: Մենք շարունակում ենք հետևել Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին, շարունակում ենք մեր հումանիտար առաքելությունը եւ մեր աջակցությունը քաղաքացիական բնակչությանը»,- գրել է Փաշինյանը։

Հոկտեմբերի 22-ին Սոչիում կայացել են Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի բանակցությունները, որոնք տևել են ավելի քան 6 ժամ։ Ղեկավարները ստորագրել են հուշագիր, որը նախատեսում է Սիրիայի և Թուրքիայի սահմանին ռուս-թուրքական համատեղ պարեկություն։