25 հոկտեմբեր, 2019 19:36

Այլ երկրի ներկայացուցիչների մուտքը ռեֆերենս լաբորատորիաների սենյակներ արգելված է․ աղբյուր

 

Ռուսական «Կոմերսանտ» թերթը տեղեկություն էր հրապարակել, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է ստորագրել հուշագիր, որը կերաշխավորի ռուսաստանցի, այդ թվում՝ ռազմական մասնագետների մուտքը ռեֆերենս կենսաբանական լաբորատորիաներ: ՍիվիլՆեթի հավաստի աղբյուրի համաձայն՝ Հայաստանում գործող կարգի համաձայն՝ ռեֆերենս լաբորատորիաների աշխատանքային սենյակներ մուտքն արգելված է այլ անձանց համար։

«Ավելին՝ վերոնշյալ բանակցվող հուշագրի տեքստում բացակայում է դրույթ, որը կերաշխավորի այլ երկրի ներկայացուցիչների մուտքը ռեֆերենս լաբորատորիաների աշխատանքային սենյակներ»,- նշեց ՍիվիլՆեթի աղբյուրը։

Լաբորատորիաների մասին

Ըստ աղբյուրի՝ նախկինում լաբորատորիաների անմխիթար վիճակը ուղղակի սպառնալիք էր երկրի կենսաբանական անվտանգությանը: Այդ խնդիրը հասել էր իր գագաթնակետին և նման իրավիճակը պահանջում էր շուտափույթ կարգավորում: Այդ առումով օժանդակություն ցուցաբերելու վերաբերյալ ամերիկյան կողմի առաջարկը հնարավորություն ընձեռեց դուրս գալ այդ բարդ իրավիճակից: 

Վերակառուցման աշխատանքների ավարտից հետո լաբորատորիաները ամբողջովին անցել են ՀՀ պետական մարմինների վերահսկողության ներքո: Միաժամանակ ամերիկյան կամ որևէ այլ օտարերկրյա պետության մասնագետ մուտք չի գործել լաբորատորիաների տարածք, ինչպես նաև չի իրականցվել որևէ համատեղ ծրագիր կամ փորձ, ավելին` լաբորատորիաներում աշխատում են միայն ՀՀ քաղաքացիներ:

Ոլորտից քաջատեղյակները նշում են, որ ներկայում մշակվում է Կենսանվտանգության և կենսաապահովման մասին ՀՀ օրենքի նախագիծ, որի միջոցով կարգավորվելու է նշված ոլորտում գործող կազմակերպությունների, այդ թվում՝ լաբորատորիաների  գործունեության կանոնակարգումը: 

Մարիա Եղիազարյան