28 հոկտեմբեր, 2019 16:17

«Ոչ մի քաղաքական ենթատեքստ»․ ԱԱԾ-ն՝ Հրայր Թովմասյանի շուրջ գործընթացների մասին

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը հորդորում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվող գործընթացներում «ենթատեքստ չփնտրել«, «այդ հարցում ոչ մի քաղաքական հետապնդման խնդիր չի եղել»․ այս մասին նա ասել է այսօր՝ լրագրողների հետ զրույցում։

«Ուղղակի նյութերի նախապատրաստման ամբողջականությունն ապահովելու համար խնդիր է առաջացել լսել նաև Հրայր Թովմասյանի մոտ ազգականներին, այսինքն՝ երկու դուստրերն են հրավիրվել և հայրը: Ճիշտն ասած՝ առանձին անձինք ասել են՝ 16, 18 տարեկան, 20 տարեկան են, ես ասեմ՝ երեխաները 23, 25 տարեկան են եղել: Խնդիրը կապված է եղել գույքի հետ, իրենց գույք է փոխանցվել, և մենք պարտավոր էինք պարզաբանում իրականացնել այդ հարցում՝ ամբողջականությունն ապահովելու համար»,- ասել է նա:

Մարտիրոսյանը նկատել է՝ իրենք նաև զանգահարել են Հրայր Թովմասյանին, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանել և հետագայում մեկնել է Մոսկվա:

«Մենք որպես բարի կամքի դրսևորում պարզապես ուզում էինք տեղեկացնել, որ այդպիսի խնդիր կա»,- ասել է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը։

***

Հոկտեմբերի կեսին Հատուկ քննչական ծառայությունը հաղորդել է, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ: Բաբաջանյանը հայտարարել է, որ Հրայր Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը` հանցավոր սխեմաներ կիրառելով։

Հոկտեմբերի 14-ին Սահմանադրական դատարանը մերժել էր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը, որի համար դիմել էր Ազգային ժողովը։ Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 17-ին հրապպարակել է իր որոշումն ամբողջությամբ։

Լուսինե Վարդանյան