30 հոկտեմբեր, 2019 13:15

Ինչ սպասել Թուրքիայից 296-րդ բանաձևի ընդունումից հետո․ զրույց Արսեն Խառատյանի հետ

Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 405 կողմ, 11 դեմ ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Ի՞նչ է սա նշանակում։ Թեմայի շուրջ ՍիվիլՆեթի Ստելլա Մեհրաբեկյանը զրուցել է ՀՀ վարչապետի արտաքին քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Արսեն Խառատյանի հետ, որը գտնվում է Վաշինգտոնում։

- Արսեն, սա պատմական արդարության վերականգնու՞մ է, սա քաղաքական քա՞յլ է, քաղաքական նպատակահարմարությունի՞ց դրդված քայլ է։ Ինչպե՞ս կբնորոշեք այս որոշումը։

- Բոլոր նշված գործոնները, թերևս, կան, բայց պետք է հիշենք, որ չափազանց կարևոր է այն ժամանակահատվածը, երբ ընդունվում է բանաձևը, և ուժերի այն հարաբերակցությունը, որ առկա է։ Ինչ խոսք, մի կողմից պետք է արձանագրենք, որ Միացյալ Նահանգներում Հայոց ցեղասպանությունը, որպես այդպիսին, վաղուց ընդունված է։ Այսինքն՝ այստեղ 49 նահանգ պաշտոնապես ընդունել է Հայոց ցեղասպանությունը։ Կոնգրեսը, Սենատը, այսինքն՝ Ներկայացուցիչների պալատը, տարբեր անգամներ, տարբեր փուլերում ընդունել են համանման բանաձևեր։ Բայց, որպեսզի Կոնգրեսի այսպիսի մասշտաբային քվեարկություն լինի, սա, թերևս, առաջին անգամ է։ Ներկայացուցիչների պալատի մակարդակով բանաձև ընդունվել է 40 տարի առաջ։

Այս տեսանկյունից, ինչ խոսք, շատ կարևոր արձանագրում է, որ Միացյալ Նահանգների ժողովուրդը 2019-ին Հայոց ցեղասպանությունը հստակ արձանագրում է որպես իրողություն և դարձնում է քաղաքական խնդիր։ Մի կողմից հստակեցնում է, որ ամերիկյան պետությունը ունի բարոյական պարտավորություն՝ ճանաչելու այս և համանման այլ ցեղասպանություններ, այս կերպ իրականացնում է իր պարտավորությունը ամերիկահայ համայնքի առջև, և սրանով իսկ արձանագրում է, որ այն փիլիսոփայությունը, որի վրա խարսխված է ամերիկյան պետությունը, շարունակում է լինել ցեղասպանությունները դատապարտելու և համանման ցեղասպանությունները կանխարգելելու մեջ։ Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական և այլ գործոններին, ինչ խոսք, սա հնարավոր չէ չդիտարկել նաև Թուրքիայի հետ ունեցած ԱՄՆ-ի հարաբերությունների ներկայիս փուլի, և քրդերի նկատմամբ Թուրքիայի ագրեսիվ, ցեղասպանությանը մոտեցող վերաբերմունքի կանխարգելման առումով։ Այսինքն՝ այստեղ նույնպես կարևոր է, որ ֆիքսենք՝ սա նույնպես կա։ Մեկ այլ քաղաքական առանձնահատկություն, որ գործադիրից ճնշումներ՝ որպես այդպիսին, չեն եղել։

- Ինչպե՞ս է այս բանաձևը ազդելու գործադիրի հետագա քաղաքականության վրա։ Վստահ եմ՝ շատերն սպասում են՝ ինչ է լինելու ապրիլին, արդյոք ապրիլին վերջապես Վաշինգտոնից կհնչի՞ ցեղասպանություն բառը։

- Ես վաղուց չեմ ուզում կենտրոնոնալ ապրիլի վրա և այդ օրվա վրա։ Ապրիլին կհնչի, թե երբ կհնչի, այս պահին այդքան էլ կարևոր չէ՝ հաշվի առնելով նաև ԱՄՆ այն վարչակազմի ունիկալությունը, որ կա։ Որևէ մեկը չի կարող կանխատեսել, թե Թրամփը թվիթերյան իր էջում երբ կգրի genocide բառը և այսկերպ պաշտոնապես կհայտարարի ու կօգտագործի այս բառը։ Սա հոգեբանական խնդիր է, սա մի կողմ պետք է դնենք։ Թե ինչ ազդեցություն կունենա․․․ նախ ի՞նչ ճակատագիր կունենա բանաձևը առաջիկայում, արդյոք բանաձևը քվեարկության կդրվի՞ Սենատում, արդյոք դրանից հետո կտարվի՞ Սպիտակ տուն՝ նախագահի կողմից ստորագրվելու և արձանագրվելու։ Այս ամենը դեռ կերևա։ Իհարկե, սա  պետք է դիտարկել նաև այն տեսանկյունից, որ կախված նրանից, թե Թուրքիայի վրա ինչպիսի և ինչքան ճնշում բանեցնելու ցանկություն կունենա գործող վարչակազմը և իր գործիքակազմում արդյոք կդիտարկի նաև այս բանաձևի միջոցով ուղերձներ ուղարկելը։

- Կողմ քվեարկածներից 226-ը Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ են, 178-ը՝ Հանրապետական։ Զուտ ներքին կոնտեքստում ուժերի այս դասավորությունը որևէ կերպ արտասովո՞ր է։ Ի՞նչ է նշանակում դա մեզ համար։

- Չէ, ավելին ասեմ՝ ավելի հեշտ է հաշվել դեմ քվեարկողներին։ Դեմ 11 մարդ է քվեարկել, և բոլորը հանրապետական են։ Սա փաստ է։ Բայց քանի որ այս մասշտաբի կողմ քվեարկություն համանման բանաձևի նախադեպ չենք ունեցել, այսինքն՝ այստեղ հանրապետականների և դեմոկրատների խնդիրը չէ, որ պետք է դիտարկվի։ Այստեղ ես կասեմ, որ տոտալ համերաշխություն կա կոնկրետ այս պահին բանաձևի և՛ ձևակերպումների, և՛ տեքստի վերաբերյալ։ Հայոց ցեղասպանության ճանաչման կամ դատապարտման քննարկումը Միացյալ նահանգներում հանարապետականների և դեմոկրատների միջև բաժանված չի եղել, այստեղ այսպես ասած՝ երկու կուսակցությունների միջև միշտ խնդիր է եղել, և շատ հաճախ է եղել, երբ հանրապետականներ են եղել, որոնք առաջատար են եղել այս հարցով։ Նույնիսկ Սենատում է սա շատ հաճախ դրսևորվել։ Սա չէ խնդիրը։ Այսինքն՝ այդ իմաստով գաղափարական, ներկուսակցական վեճ այս հարցով չկա, բայց փաստ է, որ ներկայում դեմոկրատներն ու լիբերալ դեմոկրատական հատվածն այնուամենայնիվ լոկոմոտիվն է։ Վերջին 10-20 տարիներում սա շատ հաճախ է դրսևորվել։ Այսօր բանաձևի քվեարկության մեջ ես հանրապետականների և դեմոկրատների միջև հակասություն չեմ տեսնում։ 

- Շատ է խոսվում այն մասին, որ հայաստանյան գործընթացները այս ամենի հետ որևէ կապ չունեն։ Այդուհանդերձ Հայաստան- Թուրքիա հարաբրությունների տեսանկյունից սա որևէ դեր կարո՞ղ է ունենալ, թեև գիտենք, որ այս պահին որևէ գործընթաց չկա։ 

- Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը արդեն պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել՝ դատապարտելով բանաձևի ընդունումը և հղում կատարելով դեռ 2005 թվականին իբր թե Հայաստանի կողմից պատմաբանների հանձնաժողով ձևավորելը մերժելուն։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այս պատասխանը պատրաստ էր, պարզապես ուզում էին տեսնել՝ ինչ քվեարկություն կլինի, և անմիջապես ուզում էին ուղարկել։ Այսինքն՝ սա որոշ բառային տարբերություններով ստանդարտ տեքստ է։ Թուրքիան շարունակում է հետևողական լինել իր ժխտողական քաղաքականությանը, այստեղ կասկած չկա։ Բայց, թե ինչպես սա կարող է ազդել Թուրքիայի վարքագծի վրա Հայաստանի պարագայում, ժամանակը ցույց կտա։ 

Ունեցել ենք նախկինում դեպքեր, երբ որ իրենք տարբեր ճնշման մեթոդներ են կիրառել, այդ թվում ցույց տալով, որ կարող են, օրինակ՝ Հայաստանի վրա ճնշում բանեցնել։ Ես ավելի անհանգիստ կլինեի Թուրքիայի հայ բնակչության համար, որովհետև նրանք հիմա փաստացի շարունակվող ագրեսիայի՝ էրդողանական երկրում են ապրում, որտեղ մասնակի արտակարգ դրությունը շարունակվում է և որտեղ կարող են շատ անկանխատեսելի զարգացումներ լինել։ Միջազգային հանրությանը կոչ կանեի ավելի ուշադիր լինել մեր հայրենաիցների անվտանգության հարցում։ Պետք չէ բացառել նաև Թուրքիայում շարունակվող՝ հայկական ժառանգության ոչնչացվող կամ փոխակերպման հնարավորությունը, այսինքն՝ էրդողանական Թուրքիայի նման բանաձևերի կամ նման քաղաքական փաստաթղթերի ռեակցիաները դժվար է կանխատեսել։

Պատրաստեց Գեղեցիկ Ոսկանյանը