31 հոկտեմբեր, 2019 17:25

Էմոցիոնալ հայտարարությունները գործին չեն օգնում․ Լավրովը՝ ԼՂ կարգավորման մասին

Երկու կողմից հնչող էմոցիոնալ հայտարարությունները գործին չեն օգնում․ այսօր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ մամուլի ասուլիսին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանի՝ օրերս արած հայտարարությունն այն մասին, թե «Արցախի խնդիրը լուծված է»։

«Իհարկե, էմոցիոնալ հայտարարությունները, որոնք հնչում են երկու կողմից, գործին չեն օգնում»,- ասել է Լավրովը՝ կարևորելով առաջիկայում ԵԱՀԿ մշտական խորհրդի շրջանակում համանախագահների ելույթների ընթացքում դրական մթնոլորտի ստեղծումը։

Լավրովը տեղեկացրել է, որ ներկայում ԵԱՀԿ քարտուղարության միջնորդությամբ հակամարտության կողմերի միջև քննարկում է գնում Ադրբեջանից և Հայաստանից լրագրողների փոխայցելությունների վերաբերյալ։

«Հույս կա։ Եվ չնայած՝ պահվող անձանց շուրջ իրավիճակը պակաս լավատեսական է՝ մենք ելնում ենք նրանից, որ պետք է այդ ուղղությամբ շարժվել»,- ասել է Լավրովը։

Իր հերթին Թոմաս Գրեմինգերը շեշտել է ղարաբաղյան կարգավորման բանակցություններում «դրական դինամիկան, որը նկատվում է անցյալ աշնանից»։

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը գոհունակությամբ ընդգծել է, որ երկու կողմն էլ պահպանում են կայուն իրադրությունն անվտանգության ոլորտում։

«Դա շատ կարևոր է, քանի որ մարդկանց կյանքը շփման գծի երկու կողմում պետք է պահպանվի։ Դա վերաբերում է ինչպես զինվորականներին, այնպես էլ քաղաքացիական բնակչությանը»,- ասել է Գրեմինգերը։

Լուսինե Վարդանյան