31 հոկտեմբեր, 2019 15:44

Մասիս Մայիլյանը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում

Հոկտեմբերի 30-ին աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը՝ որպես հիմնական բանախոս, ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում կայացած միջոցառմանը՝ նվիրված Արցախի անկախությանը։ Միջոցառումը կազմակերպվել էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախաձեռնությամբ և ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության ու Արցախի մշտական ներկայացուցչության, ինչպես նաև Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի համատեղ ջանքերով։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երախտագիտություն է հայտնել միջոցառմանը ներկա կոնգրեսականներին՝ նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից 1915-1923 թթ․ Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևին սատարելու համար։

Իր ելույթում Մասիս Մայիլյանն անդրադարձ է կատարել Արցախում պետականաշինության, հանրապետության միջազգային ճանաչման ու միջազգային համագործակցության ընդլայնման գործընթացներին, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Միջոցառմանը ելույթ ունեցած կոնգրեսականները վերահաստատել են իրենց հաստատակամությունը՝ սատարելու Արցախի անվտանգության ամրապնդմանը և միջազգային ճանաչմանը։

Կոնգրեսի անդամներ Բրեդ Շերմանը և Ֆրենկ Փալոունը հանդիսավոր կերպով Արցախի Հանրապետության պատվիրակության ղեկավար ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին են փոխանցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող H.Res.296 բանաձևի կրկնօրինակը։

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը, ինչպես նաև Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչները։

Մասիս Մայիլյանի՝ ԱՄՆ այցի առնչությամբ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանությունը բողոք է հայտնել Պետքարտուղարությանը, դեսպանությունը նամակներ է հղել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակին, ինչպես նաև մի շարք հանձնաժողովների ղեկավարությանը։