1 նոյեմբեր, 2019 14:38

ՀՀ-ում բոլոր ոլորտներում կա ճգնաժամ․ վարչապետը՝ Մայր Աթոռում

Հայաստանի Հանրապետությունում բոլոր ոլորտներում կա ճգնաժամ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գերագույն հոգևոր խորհրդի և եպիսկոպոսաց դասի տարեկան ժողովի մասնակիցների հետ հանդիպմանը:

«Եթե չլիներ այդ ճգնաժամը՝ այն իրադարձությունները, որ տեղի ունեցան Հայաստանի Հանրապետությունում, ուղղակի տեղի չէին ունենա: Եթե չկա ճգնաժամ՝ այդ իրադարձությունները տեղի չէին ունենա և այն, որ Հայաստանի Հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիներ և Սփյուռքի հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ շատ հստակ դիրքորոշում արտահայտեցին՝ սկսած դպրոցականներից, ավարտած տարեցներով: Սա վկայությունն էր այն բանի, որ 2018 թվականի գարնան դրությամբ մենք չունեինք մի ոլորտ, բացարձակապես չունեինք ոլորտ, որտեղ չունեինք ճգնաժամ: Ես, քավ լիցի, չեմ ասի, թե այս մեկ ու կես տարվա ընթացքում այդ ճգնաժամերը լուծվել են, բայց մի ճգնաժամ հաստատ լուծվել է, վստահության ճգնաժամը հաստատ լուծվել է: Սա լավ հիմք է, որպեսզի մենք շարունակենք մեր ճանապարհը և լուծենք նաև մյուս բոլոր ճգնաժամերը և լուծենք դա կառուցողականության, փոխադարձ հարգանքի, բաց, անկեղծ, ուղիղ երկխոսության և քննարկումների միջոցով: Համենայնդեպս, ես այսպիսին եմ պատկերացնում նաև պետություն-եկեղեցի հարաբերությունները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նաև ասել է․ «Ես ուզում եմ հստակ ընդգծել, որ մեր կառավարության առաքելությունը և անձամբ իմ առաքելությունը ընդհանրապես ոչ միայն այս կարգավիճակում, այլև իմ ողջ կյանքի ընթացքում ես համարել եմ իրական փոփոխություններ բերելը, այնպիսի փոփոխություններ բերելը, որոնք կծառայեն մարդուն, որոնք կծառայեն երկրին, որոնք կծառայեն պետությանը, որոնք կծառայեն եկեղեցուն, որովհետև ինձ համար հոգևոր արժեքները, հոգևոր կյանքը, հոգևոր բովանդակությունը չափազանց կարևոր են և բազմիցս ասել եմ՝ դա համարում եմ իմ քաղաքական գործունեության և կյանքի անբաժանելի մասը: Ես ընդհանրապես համարում եմ, որ քաղաքական գործունեությունն ինձ համար իմաստ չէր ունենա, եթե այդ շատ կարևոր կոմպոնենտը տեղ չզբաղեցներ այդ գործունեության մեջ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքն ամբողջությամբ կարդացեք այստեղ։