4 նոյեմբեր, 2019 09:13

ԼՂ բանակցային գործընթացում կա բավականին հետաքրքիր դինամիկա․ Նիկոլ Փաշինյան

Ղարաբաղի բանակցային գործընթացում կա բավականին հետաքրքիր դինամիկա, և այդ դինամիկան, ես լավատես եմ, որ կշարունակվի․ այսպիսի հայտարարություն է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

«Այդ դինամիկան կզարգանա, և ասել եմ, որ Աշխաբադում նույնպես Ադրբեջանի նախագահի հետ զրույց ենք ունեցել, քննարկում ենք ունեցել, և որոշակի դինամիկա կա, որոշակի մթնոլորտ կա։ Փնտրելու ձգտում, փնտրելու ցանկություն կա»,- նշել է վարչապետը։

Փաշինյանն ասել է, որ շատ կարևոր է արձանագրել, թե որն է մեր ռազմավարությունը ԼՂ հարցում․ «Մի քանի անգամ այս առիթով ասել եմ, որ, սիրելի՛ հայրենակիցներ, բացառվում են դավադրությունները Ղարաբաղի հարցում, որովհետև Ղարաբաղի հարցը իմ հարցը չէ, Ղարաբաղի հարցը խմբի հարց չէ, Ղարաբաղի հարցը ազգային հարց է։ Եվ բանակցությունները վարվում են հետևյալ տրամաբանությամբ՝ես ասել եմ, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար»։

Վարչապետը նշել է, որ իր հիմնական խնդիրն է բանակցային սեղանի շուրջ գտնել Հայաստանի ժողովրդի համար, հայ ժողովրդի համար ընդունելի լուծում։

«Երբ բանակցային գործընթացում կձևակերպվի մի այնպիսի լուծում, մի այնպիսի առաջարկ, որը ես կարող եմ համարել ընդունելի կլինի հայ ժողովրդի համար, ես այդ լուծման վերաբերյալ առաջարկը կներկայացնեմ մեր ժողովրդին, դրա շուրջ մենք համազգային քննարկում կունենանք, և որոշումները պետք է կայացվեն համազգային ֆորմատով ինչ-որ առումով,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ համազգային ֆորմատի տարբեր տարբերակներ կան։- Եթե անհրաժեշտ լինի՝ կարելի է նաև հանրաքվե անցկացնել, կարելի է չանցկացնել»։

Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Արցախի ղեկավարությունների պատկերացումները ԼՂ հարցի կարգավորման նույնական են։

«Եվ սա կարևոր, չափազանց կարևոր արձանագրում է, և այլ կերպ լինել չի կարող»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Մարիա Եղիազարյան