5 նոյեմբեր, 2019 17:47

Առողջ եղեք, առողջ նայեք հիվանդություններին

Շատ վաղուց, երբ հոգեբանի մոտ գնալը կինոյից հատված էր, ACPP անհասկանալի հապավմամբ հոգեբանական կենտրոնում որպես հայերենի մասնագետ, հոգեբանական տեքստերի, գրքերի խմբագիր էի աշխատում ու կողքից ուսումնասիրում հոգեբանությունը որպես աշխատանք և հոգեբանի մոտ եկած այցելուներին որպես օգնություն ակնկալող մարդ։ Հետո, կենտրոնի ղեկավար հոգեբան Խաչատուր Գասպարյանի խորհդով ավարտեցի ԵՊՀ հետբուհական կրթության հոգեբանական երկամյա դասընթացը, սկսեցի հոգեբանություն ուսումնասիրել, կարդալ-մտածել, մտածել-կարդալ, ու մի քիչ հոգեբան դարձա։

Կենտրոն եկող այցելուները հավատի երկու տեսակ ունեին՝ բացահայտ ու քողարկված։ Բացահայտ հավատացողները դրական էին տրամդրված ու օգնում էին հոգեբաններին հաջողության հասնելու ճանապարհին։ Քողարկված հավատացողները ուզում էին, որ իրենց օգնեն, բայց իրենք շարունակեն չհավատալ այդ օգնությանը։ Պատճառը՝ հոեգաբանական ծառայությունը դեռ որպես կինոյի իրադարձություն ընկալելու մեջ էր, հայ մարդու բան չէր հոգեբանի մոտ գնալը։ Բայց օգնություն ակնկալում էր երկու խումբն էլ, երկրորդները, միգուցե՝ ավելի շատ։

Տարիների հետ հոգեբանական ծառայություններից օգտվողների քանակը մեծացավ, մեծացավ, ու մարդիկ վերջապես սկսեցին ընկալել երևույթը ոչ թե որպես կինոյում տեղի ունեցող մի բան, այլ բոլոր մարդկանց հետ պատահող վիճակ, իսկ ACPP անհասկանալի հապավմամբ կենտրոնը դարձավ Սեդա Ղազարյանի հիշատակի հիմնադրամ Իթրա հոգեկան առողջության կենտրոն։

Այս կենտրոնը, բացի իր առաջնային նպատակից, հոգեբանական խնդիրներով մարդկանց աջակցությունից, մի շատ կարևոր ու մարդկային գործ է իրականացնում։ Ինթրայում գործում է Ցերեկային կենտրոն, որտեղ ոչ թե հոգեբանական, այլ հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ, որոնք ինչ-որ ժամանակ բուժվել են հոգեբուժարաններում, մարդիկ, որոնք ունեն մտավոր սահմանափակումներ,  հնարավորություն են ունենում շփվելու, որևէ զբաղմունք գտնելու, ստեղծագործելու, մի խոսքով՝ Ինթրայի Ցերեկային կենտրոնն ապահովում է սոցիալական միջավայր։

Իրենք ու իրենց ցերեկային պարապմունքներն ինձ համար նոր բան չէին, բայց նյութը գրելուց առաջ մի օր անցկացրեցի նրանց հետ, ոչ պաշտոնական միջավայրում։ Ցերեկային կենտրոն եկող մարդիկ տարբեր տարիքի են, տարբեր ախտորոշումներով։ Ոմանց ախտորոշումը առողջ մարդկանց համար կարող է սարսափելի թվալ։ Բայց մարդը նաև սարսափելի ախտորոշումներով կարողանում է ապրել, աշխատել, ստեղծագործել, ինչը շատ հաճախ է պատահում, իսկ սարսափը կամաց-կամաց վերանում է, որովհետև, ըստ իս՝ երկու «որովհետև կա»՝ նախ, ոչ ոք, ոչ մի տեղ ապահովագրված չէ այդ ախտորոշումներից, և երկրորդ՝ կյանքը միշտ շարունակվում է, և այն պարզապես պետք է տանելի, հարամարավետ, հնարավորին չափ հետաքրքիր ու լավը դարձնել։ Ինչն էլ անում են այստեղ։

Ցերեկային կենտրոնի այցելուներն, ինչպես ասացի, տարբեր հիվանդություններ ունեն, տարբեր տարիքի են, սեռի, արտաքինի, սոցիալական ծագման, բարեկեցության, ինտելեկտուալ զարգացման տարբեր մակարդակների, բայց կա մի  մեծ սեղան Ցերեկային կենտրոնում, որի շուրջը հավաքվող այդ տարբեր մարդիկ միասին են մի քանի ժամ։ Եվ իմ դիտարկմամբ նրանց միավորում է ոչ թե ախտորոշումը, որը նույնպես տարբեր է, այլ միմյանց հանդեպ պարզագույն հոգատարությունը, որն առաջացնում է սոցիալական միջավայրի միկրոկլիման։

Այդ կլիման ապահովողը Անահիտ Իսկանդարովան է։ Անահիտը բոլորի մեջ ինչ-որ բանի հանդեպ հետաքրքրություն առաջացնողն է ու հետաքրքրությունը թեժ պահողը։ Նրա արծաթե անթիվ մատանիները, պարանոցի զարդերը, կարճ կտրած ու թեթև եկնագույն երանգի մազերը ու բոլորի հետ նույն մտերիմ երանգով շփվելու ոչ շինծու հմտությունը մեծ սեղանի շուրջ հավաքվածներին կյանքը ի ցույց է դնում լավ կողմից։ Այդ լավ կողմը արտահայտվում է միմյանց ծննդյան տարեդարձը միասին նշելու հնարավորությամբ, նկարելու, քանդակելու, ձեռքի աշպատանքի տարբեր հմտությունների ուսուցանմամբ։

Այդ օրը, երբ իրենց հետ էի, աղջիկներից մեկի ծննդյան օրն էր։ Նա չտեսնված թխվածքներ էր բերել։ Այդպիսի քաղցրավենիք լինում է միայն թանկ հրուշակեղենի խանութներում, այդպիսի ձևավորում տանը հնարավոր չէ ապահովել։ Պարզվեց՝ մայրն է պատրաստել։ Կարելի էր ուղղակի ուտել ու լավ զգալ, բայց կլոր սեղանի մոտ հավաքվածներից ամեն մեկն առանձին նշեց համի ու ձևավորման չտեսնված լինելը, առողջ զարմանք ցույց տվեցին, որ կարելի էր այսպիսի բան ստեղծել տան պայմաններում, առողջ գովեստ լսվեց, առողջ շնորհակալություն։ Հրճվանքը կրկնապատկվեց, եռապատկվեց, ու անպայման հասավ այն մայրիկին, որն իր շքեղ թխվածքների մեջ ներդրել էր իր խելացի, բայց, իհարկե, անարդարացիորեն խնդիր ունեցող երեխայի հանդեպ մի ամբողջ սիրո ռեզերվուար, մի ցավոտ, բայց այնուամենայանիվ՝ ուրախություն, որ աղջիկը միջավայր ունի, որտեղ կարող է տանել իր ծննդյան տարեդարձի չտեսնված թխվածքները, որտեղ կմտնի ու կասեն «ուաու», ինչպես անում են կյանքի մյուս ցերեկային ու երեկոյան միջավայրերում, ուր ախտորոշում չկա, բայց չկա նաև ապահովագրություն։

Այդտեղ մի հրաշք աղջիկ կար, որը շատ հասկանալի պատճառներով չուզեց ներկայանալ ընթերցողին։ Իսկ այդ պատճառը մենք ենք, մեր դեռ կյանքին լայն նայելու անկարողությունը։ Մենք ենք պատճառը, որ այդ հրաշքը չուզեց ասել, թե լինում է այս կենտրոնում, որ գրում է լավ բանաստեղծություններ, «լավ» բառի ամենալուրջ իմաստով։ Ես կարող էի ասել «հրաշալի, հիանալի, գեղեցիկ, չքնաղ», բայց այդպես չեմ ասում, ասում եմ՝ «լավ», բառի հենց այն լուրջ իմաստով, որով  տեքստից հասկացողները, գնահատում են ստեղծագործություններն ու ասում «լավ ա գրում»։ Մի օր հավանաբար կկարդաք բոլորդ նրա անջանք բարդ տեքստերը, որոնք պարզ են, շատ պարզ, իր արտասանած «մամա» բառի պես պարզ։

Իհարկե, միայն հիվանդությունը չէ պատճառը, որ նրանց հավաքատեղին «Ինթրայի» Ցերեկային կենտրոնն է, այլ ոչ թե քաղաքն իր տարբեր հաստատություններով։ Պատճառը մեր ինքնավստահ հոգեկան առողջությունն է, որի տարերայնության մասին մենք մոռանում ենք անընդհատ, ու մի քիչ ինքնավստահ նայում ախտորոշումներով մարդկանց։ Պատճառը մեր կոպիտ ու անհամբեր լինելն է։ Մեր քամահրանքը ամեն ոչ ուժեղի հանդեպ։ Իսկ դրա պատճառը մեր թույլ լինելու վախն է։

Այ, այս փոքր, աննշան դրվագը լավ հասկանալու դեպքում մենք սովորական կվերաբերվենք Ինթրայի մեծ սեղանի շուրջ հավաքվող մարդկանց, այնպես, ինչպես ջրծաղիկ տարած մարդուն, բարձր խոլեստերինով մեկին։ Մեր վախը թույլ լինելու հանդեպ առաջացնում է մեր հանդգնությունը պայմանական «թույլի» հանդեպ։

Իսկ Ինթրայի Ցերեկային կենտրոնի մեծ սեղանի շուրջ հավաքվածներն իրարից չեն վախենում, իրար հետ լավ են զգում, սիրում են Անահիտին, նրա խոսքը, հրահանգները, որոնց հնչերանգում բռնում են ընկերոջ խիստ ու հասկացող նրբերանգները։

Գիտեք, նրանցից մեկը, մի տասնութ տարեկան տղա, իմանալով, որ լրագրության հետ առնչություն ունեմ, վերջին օրվա միջազգային քաղաքական իրադարձություններից հետաքրքրված հարցեր էր տալիս, որոնց, անկեղծ ասած՝ բավարար տեղյակ չէի լիարժեք պատասխանելու համար, իսկ ես, գոնե ֆորմալ՝ ախտորոշում չունեմ, ինքն ուներ, այնպես որ մեր հնարած բարձունքներից իջնենք ու հանգիստ նայենք կյանքի կատարվող բաներին։

Ինթրայում արդեն լինում են շատերը։ Հոգեբանական խնդիրը խնդիր չի ընկալվում աստիճանաբար, այլ՝ վիճակ։ Ժամանակավոր բարդ վիճակ, որից լուծում կա, իսկ այն գտնել օգնում են Ինթրայի հոգեբանները։ Երբ մարդու տագնապը դառնում է այնչափ, որ քողարկել չի ստացվում, երբ կյանքը հանկարծ բաժանվում է «դրանից առաջ ու դրանից հետո»-ի, կարող եք զանգել Ինթրա հոգեբանական կենտրոն ու գալ։

Ալմոդովարն ասում է՝ «Խոսիր նրա հետ», ու նա կկենդանանա։ Ինթրան արդեն տասը տարեկան է, անցյալ շաբաթ նշեց իր տասնամյակը։ Տասը տարի Ինթրայում խոսում են մարդկանց հետ, և մի տեղ տագնապն է մագիլները հետ տանում, մի ուրիշ տեղ կյանքը շարունակվելով՝ մաքրում է «դրանից առաջ ու դրանից հետո»-ի ջրբաժանը։

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: