5 նոյեմբեր, 2019 15:00

ՀԱՊԿ-ը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն. Նիկոլ Փաշինյան

«ՀԱՊԿ-ը մեզ համար կազմակերպություն է, որն ունի ռազմավարական նշանակություն: Մենք գտնում ենք, որ ՀԱՊԿ-ը մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության համար կարևոր գործոնն է». Երևանում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակից ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀԱՊԿ-ում դիտորդ պետության՝ Սերբիայի խորհրդարանի նախագահի տեղակալ Ջորջե Միլիչևիչը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատասխանատու քարտուղարի պաշտոնակատար Սերգեյ Պոսպելովը:

Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ ուրախ է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի արտագնա առաջին նիստը Հայաստանում անցկացնելու կապակցությամբ: Վարչապետն ընդգծել է Սերբիայի խորհրդարանի փոխնախագահի՝ երևանյան նիստին մասնակցությունը և կարևորել ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի շրջանակներում սերբ գործընկերների հետ պարբերական հանդիպումները:

«Իհարկե, ՀԱՊԿ-ը մեզ համար կազմակերպություն է, որն ունի ռազմավարական նշանակություն: Մենք գտնում ենք, որ ՀԱՊԿ-ը մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության համար կարևոր գործոնն է: Մենք մեծ կարևորություն ենք տալիս ՀԱՊԿ շրջանակներում մեր համագործակցության բոլոր երեք հարթություններին. դա արտաքին քաղաքական համակարգումն է, ռազմատեխնիկական համագործակցությունն է և, իհարկե, անվտանգության ոլորտում մեր միասնական մոտեցումն է ընդհանուր վտանգներին: Վտանգները, ցավոք, նույնպես զարգանում և փոխվում են, և մենք պետք է ադեկվատ լինենք այդ վտանգներին: Իհարկե, մեր կառույցը պետք է համապատասխանի այն իրողություններին, որոնք գոյություն ունեն տարածաշրջանում, աշխարհում, և ես շատ ուրախ եմ, որ մենք բավականին կառուցողական համագործակցում ենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետագա զարգացման ուղղությամբ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս խորհրդարանական վերահաժողովի գործունեությանը, քանի որ կարևորում է անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցումը, ինչը կբարձրացնի ՀԱՊԿ շրջանակում համագործակցության և անվտանգության մակարդակը:

Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել, որ կազմակերպության անդամ երկրներին հաջողվել է համաձայնության հասնել կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցում, և նշել, որ հետագայում նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է որոշակի իրավական փոփոխություններ մտցնել ՀԱՊԿ կարգավորումներում, որպեսզի կոնկրետ նախատեսված լինեն բոլոր իրավիճակները՝ հստակ լուծումներ գտնելու համար: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ դա ևս կբարձրացնի կազմակերպության արդյունավետությունը:

«Կարծում եմ, որ սա շատ լավ հնարավորություն է՝ քննարկելու մեր ընդհանուր օրակարգի հարցերը: Մեր կազմակերպության գլխավոր գաղափարն այն է, որ մեր արտաքին քաղաքական հարաբերությունները, ռազմատեխնիկական հարաբերությունները, ընդհանրապես բոլոր ուղղություններով հարաբերությունները պետք է հաշվի առնեն կազմակերպության անդամ բոլոր պետությունների շահերը, և ես կարծում եմ, որ բոլորիս համար մեր երկրների միջև հարաբերությունները պետք է լինեն առաջանահերթ: Մենք տրամադրված ենք մեր հարաբերությունների իրական զարգացման և կարծում եմ՝ նման հանդիպումները կնպաստեն այդ գործընթացին»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Վարչապետը ողջունել է միջազգային համագործակցության ընդլայնումը և համոզմունք հայտնել, որ այն կբարձրացնի կազմակերպության հեղինակությունը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև ոչ միայն առկա, այլև նոր առաջացող մարտահրավերներին ժամանակին արձագանքումը և այդ ուղղությամբ ՀԱՊԿ շրջանակում համակարգված փոխգործակցությունը: Կառավարության ղեկավարը շեշտել է նաև ՀԱՊԿ անդամ պետությունների միջև միջազգային հարթակներում ներդաշնակ և կառուցողական գործակցությունը՝ հաշվի առնելով փոխադարձ շահերն ու դիրքորոշումները:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր:

Աղբյուրը՝ ՀՀ վարչապետի կայք