5 նոյեմբեր, 2019 11:24

ՊՆ-ի հետ կոնֆլիկտը շարունակվում է. ORSIS-ը պատասխանել է Դավիթ Տոնոյանին

Ռուսական ORSIS ընկերությունը, որը Հայաստանում մասնակցել էր ՊՆ-ի հայտարարած գնումների 2 միլիարդ դրամանոց մրցույթի, սակայն հետագայում դրա արդյունքները չեղարկվել էին, պատասխանել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ «գործում հացավոր արաք է եղել» հայտարարությանը։

«ORSIS ընկերության ռազմամթերքը, որով այն մասնակցել է Հայաստանի ՊՆ-ի չեղարկած մրցույթին, բազմաթիվ անգամ փորձարկվել է հայաստանյան զինվորականների կողմից, և այն հարցեր չի առաջացրել տեղական փորձագետների մոտ»,- ի պատասխան Տոնոյանի հայտարարության՝ ռուսական «ՌԻԱ Նովոստի» պետական գործակալությանը ասել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչը:

Դավիթ Տոնոյանը, նոյեմբերի 4-ին ԱԺ-ում պատասխանելով ORSIS-ի մասնակցած մրցույթի հետ կապված հարցին, հայտարարել է, որ գործում եղել է հանցավոր արարք։ «Ում կողմից և ինչ ծավալի է եղել այդ հանցավոր արարքը, կպարզի քննությունը»,- նշել է նախարարը՝ հաստատելով մամուլում տարածվող լուրերը, որ ORSIS-ը փորձել է ռազմականի փոխարեն որսորդական ռազմամթերք մատակարարել:

«Այո, բայց դա ոչ թե փորձաքննություն է եղել, այլ գնումների գործընթացի ժամանակ մատնանշվել է մեկ կազմակերպությանն առավելություն տալու փաստը»,- ասել է նախարարը:

«Ռազմամթերքի շուրջ շահարկումներն ամբողջությամբ անհիմն են: Նման հարցերը լուծվում են փորձաքննությունների արդյունքում, այլ ոչ թե փորձագետների վրա հղումներ կատարելով, որոնց գիտելիքները հարցեր են առաջացնում: Նշենք, որ մեր առաջարկած ռազմամթերքը բազմաթիվ անգամ փորձարկվել են հայաստանյան զինվորականների կողմից, և այն հարցեր չի առաջացրել: Վերջին փորձարկումները եղել են 2018թ․ դեկտեմբերին, և սարքավորումներն իրենց լավագույնս են ցուցադրել»,- պատասխանել է ORSIS ընկերության ներկայացուցիչը:

ORSIS-ի շահած ու ՊՆ-ի չեղարկած մրցույթի մասին

Բանակի կարիքների համար հայտարարված, այնուհետև չեղարկված մրցույթը, ըստ մեզ հասած տեղեկությունների, ջերմատեսիլ (ջերմադիտակ) սարքերի ձեռքբերմանն է վերաբերում:

Խոսքը ջերմատեսիլ (ջերմադիտակ) Dedal-T2.380 Hunter LRF սարքի մասին է, որն ըներությունն առաջարկել է մատակարարել, ու ստացել է ԶՈՒ ԳՇ-ի պաշտոնյաների համաձայնությունը: Սակայն ՊՆ-ի հետ համագործակցող «Ունիկում Ինժիներինգ»-ի ներկայացրած փաստերով պարզվել է, որ այն որսորդական (հուշում է նաև Hunter բառը) նշանակության է և ռազմական պայմաններում օգտագործելու ենթակա չէ: Արդյունքում մրցույթը չեղարկվել է:

ORSIS ընկերությունում նշել են, որ «հանցավոր արարքը», որի մասին հիշատակել է պաշտպանության նախարարը, հայտնաբերվել է ORSIS ARMS-ի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի՝ Հայաստանի Քննչական կոմիտե դիմելու արդյունքում: «Դա արվել է այն պատճառով, որ մեզանից առանց հիմքերի պահանջում են վճարել բանկային գրավը, իսկ ՊՆ-ն անտեսում է տեղի ունեցածի վերաբերյալ հանդիպելու և քննարկելու մեր պաշտոնական խնդրանքը»,- ասում է նա:

ORSIS ARMS-ը ռուսական մասնավոր «Պրոմտեխնոլոգիա» կոնցեռնի հայաստանյան ներկայացուցչությունն է, որի բաժնետերերը՝ համաձայն ՀՀ պետռեգիստրի տվյալների, եղել են ռազմական իշխանության ներկայացուցիչներ:

Նրանցից մեկը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի պետ, գնդապետ Արթուր Գալստյանն է, իսկ մյուսը տևական ժամանակ ՊՆ-ում ծառայած, այժմ թոշակի անցած կադրային սպա Գևորգ Մանուկյանն է: Այնուհետև այս տարվա մայիսին, երբ սկսվում է ORSIS ARMS – Հայաստանի ՊՆ կոնֆլիկտը, Արթուր Գալստյանը դադարեցնում է իր մասնակցությունն այդ ընկերությունում և իր մասնաբաժինը փոխանցում ոմն Վերգինե Սարգսյանի, որը, ինչպես հետագայում պարզվում է, ըներության փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի կինն է:

Տե՛ս նաև՝ Ինչու է ՊՆ-ն չեղարկել ռուսական ORSIS ARMS-ի շահած մրցույթը

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունն օգոստոսի վերջին, հղում անելով անանուն աղբյուրների, հայտնեց, որ Հայաստանի ՊՆ-ն չեղարկել է «Պրոմտեխնոլոգիա» կոնցեռնի մաս կազմող ORSIS ARMS ընկերության շահած սպառազինության մատակարարման մրցույթը: Անհայտ աղբյուրներին հղումով նշվում էր, որ ընկերության համար անհայտ պատճառով ՊՆ-ն չեղարկել է մրցույթը, որից հետո ընկերությունը դիմել է իրավապահներին:

Մրցույթին մասնակցած ORSIS ընկերության բողոքարկումից հետո հարուցվել է քրեական գործ: Հարուցված քրեական գործի մասին լուրը հաստատել է պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհանիսյանը և Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ «ՀՀ ՊՆ համապատասխան պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու և դրա հետևանքով պետությանն էական վնաս հասցնելու դեպքի առթիվ»:

Ռուսական մամուլում հրապարակումներ եղան, որ Ռուսաստանը բողոքի նոտա է հղելու Հայաստանին զենքի վաճառքի մրցույթի տապալման համար։ Ավելի ուշ հերքվեց այդ լուրը։

Արշալույս Մղդեսյան