6 նոյեմբեր, 2019 11:22

Դատական մարմնի անկախությունն առանցքային է․ զրույց Գերմանիայի պետնախարարի հետ

Եվրոպայի հարցերով Գերմանիայի պետնախարար, Գերմանիայի արտաքին գործերի փոխնախարար Մայքլ Ռոթը (Michael Roth) վստահ է՝ Հայաստանը «Թավշյա հեղափոխությունից» հետո անցնում է ներքին վերափոխման բարդ գործընթաց, որի արդյունքում երկրում պետք է ապահովվի ժողովրդավարության զարգացումը և դատական համակարգի անկախությունը: Այլապես, վստահ է նա, առաջընթացի ու եվրոպական արժեքների մասին խոսելն ավելորդ է: Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացների ու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ներկա փուլի մասին Բեռլինում Մայքլ Ռոթի հետ զրուցել է Արշալույս Մղդեսյանը։ Այցը Բեռլին տեղի է ունեցել «Լրագրողների փոխանակման գերմանահայկական ֆորում» ծրագրի շրջանակում:

- Պարոն Ռոթ, ինչպես եք գնահատում հատկապես անցյալ տարվա «Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ներկա փուլը: Կա՞ն լուրջ փոփոխություններ այստեղ:

- Մենք մեծապես գնահատում ենք, որ «Թավշյա հեղափոխությունից» հետո նոր կառավարությունը հաստատեց ԵՄ-ի հետ համագործակցելու պատրաստակամությունը: Մենք չափազանց հետաքրքրված ենք բարելավելու այս համագործակցությունը` հիմնվելով ընդհանուր արժեքների վրա, այն է` ժողովրդավարության, օրենքի գերակայության, դատական համակարգի անկախության և կոռուպցիայի դեմ պայքարի: Եվ, եթե Հայաստանի կողմից կա հետաքրքրություն՝ գնալու ճիշտ ուղղությամբ, մենք աջակցություն կցուցաբերենք, քանի որ մեր շահերից է բխում ժողովրդավարական արժեքների հաստատումը ոչ միայն խոստումների մակարդակում, այլև հայ հասարակությունում և քաղաքականությունում:

- Հայաստանում այժմ ընթանում են դատական համակարգի բարեփոխումներ: Տեղի է ունենում նաև Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթաց, որն ընդդիմությունը համարում է քաղաքականացված: Արդյոք Եվրամիության համար մինչև վերջ ընդունելի՞ են այս գործընթացները:

- Տրանֆորմացիան ծայրահեղ բարդ գործընթաց է ոչ միայն քաղաքական էլիտայի կամ բիզնեսի համար, այլև հասարակ քաղաքացու, սակայն դատական մարմնի անկախությունն առանցքային է: Մեր համագործակցութունը հիմնվում է արժանիքների վրա։ Եթե Հայաստանի կառավարությունը պատրաստ է բարելավել համագործակցությունը դատական բարեփոխումների ոլորտում, մենք պատրաստակամ կլինենք տրամադրելու փորձագիտական և տեխնիկական աջակցություն, քանի որ մեր ընդհանուր շահերից է բխում, որ Հայաստանի քաղաքական և հասարակական դաշտում դատական համակարգի անկախությունը լինի երաշխավորված: Սակայն ես պատկերացնում եմ, թե ինչքան հակասական է դա, քանի որ առանց դատական համակարգի անկախության ժողովրդավարություն հնարավոր չէ:

- Կցանկանայի խոսել Հայաստանի՝ Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի մասին: Ինչո՞ւ մենք չենք տեսնում այդ գործընթացի արագացում, անգամ չի սկսվել վիզա-դիալոգը:

- Ես մեծապես գնահատում եմ հայ երիտասարդության կողմնորոշումը դեպի Եվրոպա, և այս առումով անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը, և վիզաների ազատականացումը կարևորագույն դեր ունի այստեղ, սակայն Եվրոպական հանձնաժողովն (ԵՀ) է ղեկավարում գործընթացը: Այս առումով ես հորդորում եմ ԵՀ-ին և Հայաստանի կառավարությանն արագացնել գործընթացը, քանի որ տեսնում ենք, թե իրականում որքան բարդ է այդ գործընթացն ընթանում, նաև՝ քանի որ վիզայի ազատականացումը շատ հակասական գործընթաց է հենց ԵՄ անդամ երկրների միջև: Ես հույս ունեմ, որ բանակցությունների գործընթացը կարագանա, մենք կկարողանանք սկսել այն, քանի որ ի վերջո չափազանց կարևոր է կապել Հայաստանը և ԵՄ-ն, որի կարևոր քայլ է, հատկապես երիտասարդության համար, վիզաների ազատականացումը:

- Կխնդրեի այս գործընթացին անդրադառնանք՝ ձեռքի տակ ունենալով Վրաստանի ու Ուկրաինայի օրինակները: Այդ երկրների համար արդեն իսկ ազատականացվել է Եվրամիության վիզային ռեժիմը:

- Վրաստանի և Ուկրաինայի վերաբերյալ, միշտ կա բարելավման տեղ։ Վիզաների ազատականացման օրինակը Վրաստանում, ինչպես դուք նշեցիք, պետք է հաշվի առնենք, որ չափազանց հակասական հարց է։ Նիդեռլանդներում, օրինակ, քաջատեղյակ են Վրաստանի իրավիճակի մասին, և այս պատճառով Նիդեռլանդները խնդրեցին այսպես կոչված SNAP գործընթացը, որը վիզաների ազատականացման պայմանների վերանայման գործընթաց է, ինչը ցույց է տալիս, թե որքան նուրբ է խնդիրը որոշ անդամ երկրների համար:

- Ժամանակին շատ ակտիվ էին քննարկումները Եվրամիության Արևելյան գործընկերություն ծրագրի մասով, որին մասնակցում է նաև Հայաստանը: Զարգացման ի՞նչ շրջափուլում է գտնվում այժմ այդ ծրագիրը:

- Արևելյան գործընկերություն ծրագիրը պետք է հարմարեցվի յուրաքանչյուր մասնակից երկրի համար, այն պետք է տարբեր լինի Ուկրաինայի, Վրաստանի, Հայաստանի և Մոլդովայի համար, և այն պետք է հիմնվի արժանիքների վրա: ԵՄ-ում առկա է որոշակի անհամաձայնություն այս առումով: Արևելյան գործընկերությունը և դրան մասնակցությունը չի նշանակում, որ դու պետք է խզես, ասենք, ավանդական կապերն այլ երկրների հետ, ինպիսին է Ռուսաստանը: Մենք ընդունում ենք և  հարգում ենք ավանդական տնտեսական, պատմական և կրոնական կապերը, սակայն, եթե ցանկություն ունես ընդլայնել կապերդ դեպի ԵՄ, պետք է ընդունես եվրոպական արժեքները: Սա որոշակի բարդություններ է ստեղծում որոշ երկրների համար, բայց, ես շատ հստակ եմ այս հարցում, քանի որ ռուսական քարոզչությունը շատ պարզ է: Մենք ցանկություն չունենք երկընտրանքի առջև կանգնացնել Արևելյան գործընկերության երկրներին՝ խզելու Ռուսաստանի հետ հարաբերությունները, սակայն, Արևելյան Եվրոպան պարոն Պուտինի բակը չէ, այս երկրները ինքնիշխան են, այս երկրներն անկախ են և ունեն իրենց անկախ իրավունքը՝ կառուցելու հարաբերություններ Եվրամիության հետ: Մոսկվան չունի վետոյի իրավունք այստեղ:

- Հայաստանում ամենաբարձր մակարդակում շարունակվում են քննարկումներն առ այն, որ ՀՀ-ն, լինելով ԵԱՏՄ անդամ և ունենալով համաձայնագիր Եվրամիության հետ, կարող է այս երկու կառույցների միջև կամուրջ լինել: Ինչպե՞ս են ընդունվում այդ հայտարարությունները Եվրամիությունում:

- Ես պետք է հաշվի առնեմ այն հանգամանքը, որ հայ հասարակությունը շատ բևեռացված է, ինչպես տրանֆորմացիայի միջով անցնող ցանկացած երկիր։ Հասարակության մի կարևոր մասը կողմնակից է Ռուսաստանի հետ կապերի սերտացմանը, մի մասն էլ՝ Եվրոպայի և ԵՄ-ի հետ: Դուք պետք է հաղթահարեք ձեր հասարակությունում առկա այս բաժանումը։ Եթե մենք կարող ենք օգնել այս հարցում, մենք կանենք առավելագույնը, սակայն ամեն ինչ ի վերջո հայ հասարակության ձեռքում է:

- Վերջին հարցը վերաբերում է Հայաստանի հարևան Թուրքիային, որը ոչ վաղ անցյալում ռազմական գործողություններ ձեռնարկեց Սիրիայի հյուսիսում: Եվրամիությունը հայտարարեց, որ կարող է պատժամիջոցեր կիրառել Թուրքիայի դեմ: Իսկապես նման տրամադրություններ կա՞ն ԵՄ-ում, որ պատրաստ են անգամ Անկարայի դեմ պատժամիջոցներ կիրառել: 

- ԵՄ դիրքորոշումն այս հարցում միանշանակ է՝ Թուրքիայի կողմից Սիրիա ներխուժումը անընդունելի է: Այս հարցում ԵՄ-ում առկա է համաձայնություն՝ բոլոր միջոցները կիրառվելու են, ներառյալ տնտեսական պատժամիջոցները և այլն: Սակայն, մեզ համար՝ որպես ԵՄ, միասնականությունը հիմնարար է, և որքան էլ մեծ և ուժեղ լինի ԱՄՆ-ի դերն այս հակամարտության մեջ, Թրամփի վարչակազմը կարող է համոզել պարոն Էրդողանին, որ այս ներխուժումը չափազանց վտանգավոր է նման ծայրահեղ անկայուն տարածաշրջանի համար, միգրացիայի, տնտեսական կայունության առումով, քանի որ մեզ համար լուծումը միանշանակ է, խաղաղություն բերել Սիրիային, և այդ լուծումը քաղաքական է, այլ ոչ ռազմական: