7 նոյեմբեր, 2019 14:18

1,9 մլրդ դրամ՝ մանկատան սաների բնակարանների համար 

Կառավարությունն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացրեց 1,9 մլրդ դրամ՝ մանկատան 300 շրջանավարտի բնակարանային աջակցության համար։ Շահառուներին տրամադրվելու են 6,3 մլն դրամ արժողությամբ բնակարանների գնման վկայագրեր։ 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով՝ 2003-2013 թվականների ընթացքում շահառուներ են ճանաչվել 1991-2013-ին մանկատներից դուրս եկած, տարածքի կարիք ունեցող շրջանավարտները։ Նրանից 218-ը դեռևս հերթագրման ցուցակում են։

Ծրագրից օգտվելու են վերը նշված անձինք, ինչպես նաև 18 տարեկանը լրանալու կապակցությամբ մանկատնից դուրս եկած, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված 85 անձ, ովքեր վերջին 5 տարիների ընթացքում բնակարան չեն օտարել։

Նույն ծրագրով աջակցություն է հատկացվելու նաև հաշմանդամություն ունեցող այն քաղաքացիներին, ովքեր շարունակում են ապրել մասնագիտացված մանկատանը, թեև իրենց 18 տարին վաղուց լրացել է։ 

Զարուհի Բաթոյանը հավելեց, որ իրենց նպատակն է նպաստել անձանց կարողությունների զարգացմանը և դա է պատճառը, որ բնակարանների վկայագրեր են ստանալու մինչև օրս հերթագրված շրջանավարտները։ 2020-ից սկսած բնակարանի վկայագրեր չեն տրամադրվելու, լինելու են վարձակալության, կրթության և մասնագիտության ձեռք բերման  միջոցներ։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կնախընտրեր այդ գումարը ժամանակին հատկացնել մանկատան սաների կրթության համար, որպեսզի հետագայում իրենք կարողանանան գտնել աշխատանք, իրենց համար բնակարան գնեն ու հենց իրենք բարելավեն իրենց պայմանները։

Գեղեցիկ Ոսկանյան