8 նոյեմբեր, 2019 16:47

Նոյեմբերի 10-11-ը Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում. այս մասին նոյեմբերի 8-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Նոյեմբերի 10-11-ը ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պաշտոնական այցով կլինի Երևանում: Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետի և նախագահի հետ, բանակցություններ արտաքին գործերի նախարարի հետ, ինչպես նաև ծաղկեպսակի խոնարհում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համալիրի անմար կրակի մոտ»,- ասել է Զախարովան:

Զախարովան հայտնել է, որ արտաքին գործերի նախարարները բանակցությունների ընթացքում կքննարկեն երկկողմ հարաբերությունների լայն շրջանակը, փոխգործակցությունը ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում, դիրքորոշումը ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում և այլ միջազգային կազմակերպություններում:

«Կողմերի ուշադրության կենտրոնում կլինի նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրը՝ ներառելով նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները»,- նշել է նա: