8 նոյեմբեր, 2019 11:42

ՌԴ-ի հետ համագործակցությունն անվտանգության ոլորտում այլընտրանք չունի, կարծում է Ռոբերտ Քոչարյանը

ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1-ի» գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանը քննչական մեկուսարանից պատասխանել է Sputnik Արմենիա գործակալության ուղարկած հարցերին` անդրադառնալով ղարաբաղյան կարգավորմանը, տարածաշրջանային հարցերին, Ռուսաստանի հետ հարաբերություններին, Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։

«Տարածաշրջանային գործերում տարածաշրջանի պետությունների փաստացի դերը որոշիչ է դարձել: Ակնհայտ է նաև, որ վերջին տարիներին Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները էլ ավելի են ամրապնդվել` դրանով հանդերձ անկյունաքարային դառնալով վերածնված պանթուրքիստական ձգտումների կոնտեքստում, ինչն ուղիղ վտանգ է ներկայացնում Հայաստանին և Ղարաբաղին: Վերջերս թրքալեզու պետությունների Բաքվի գագաթնաժողովում Զանգեզուրի նկատմամբ հավակնությունների մասին Ալիևի հայտարարությունը ամենևին պատահական չէր: Դա թուրքական ազգերի բնակեցման աշխարհագրական անընդհատության մոռացված գաղափարի արդիականացման ուղղությամբ արված քայլ էր:

Ստեղծված իրավիճակում անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը Հայաստանի համար ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում՝ այլընտրանքի ակնհայտ բացակայությամբ: Միայն անպատասխանատու կամ հավաքագրված քաղաքական գործիչները կարող են այսօր պնդել երկրից ռուսական ռազմաբազայի դուրսբերման խնդիրը: Սիրիայի հյուսիսում քրդերի հետ տեղի ունեցող ողբերգությունը պետք է քաղաքական կարճատեսության հետևանքների ակնառու դաս լինի»,- կարծում է Ռոբերտ Քոչարյանը։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունը տեղի ունեցող գործընթացների բարդությունը չի ընկալում։ 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում