10 նոյեմբեր, 2019 21:44

Արայիկ Հարությունյանի կուսակցությունը նրան առաջադրել է Արցախի նախագահի թեկնածու

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ և նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանն առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու 2020-ի ապրիլին կայանալի նախագահական ընտրություններում։

Հարությունյանի թեկնածությունն այդ պաշտոնում միաձայն առաջադրել է իր ղեկավարած կուսակցությունն այսօր Շուշիում կայացած համագումարում։

Արցախպրեսի հաղորդմամբ՝  Արայիկ Հարությունյանը ծրագրային ելույթ է ունեցել, հայտարարել, որ Հայաստանի իշխանությունների և իրենց պատկերացումները Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ նույնական են։

Արայիկ Հարությունյանը նաև ասել է, թե «այն բոլոր ուժերը, ովքեր այսօր կասկածի տակ են դնում Հայաստանի իշխանության, մանավանդ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերը, պարտվողական և դավադիր ուժեր են»։