13 նոյեմբեր, 2019 15:10

Չինաստանը Հարավային Կովկասում՝ այլընտրանք Ռուսաստանին ու Արևմուտքին․ Սերգեյ Մարկեդոնով

Մոսկվայի Կարնեգի կենտրոնը հրապարակել է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի «Ոչ միայն մեկ գոտի, մեկ ուղի. ինչ են իրարից սպասում Չինաստանն ու Հարավային Կովկասը» վերնագրով հոդվածը։ Հեղինակը վերլուծում է Չինաստանի հարաբերությունները Հարավային Կովկասի երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ։ Հոդվածը թարգմանաբար՝ ստորև։

Պայմաններում, երբ Կովկասում արտաքին քաղաքականությունը բազմազանեցնելու պահանջարկը ակնհայտ է, Պեկինը տարածաշրջանի երկրների համար քաղաքական գրավիչ սահմաններ է նախագծում։ Ընդ որում, տարածաշրջանի ներքին խնդիրների մեջ խառնվելու ցանկություն չունենալը Չինաստանին բոլորի համար հարմար գործընկեր է դարձնում։

Աշխարհաքաղաքականության մասին միջազգային քննարկումներում Հարավային Կովկասի թեման, որպես կանոն, առաջանում է ավելի լայն համատեքստում՝ որպես Սևծովյան տարածաշրջանի և  Մեծ Մերձավոր Արևելքի անվտանգության բաղկացուցիչ մասերից մեկը։ Առաջին դեպքում ուշադրության կենտրոնում սովորաբար հայտնվում են Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակամարտության հետ կապված վտանգները, ուկրաինական ու կովկասյան հակամարտությունների միջև զուգահեռները, իսկ երկրորդ դեպքում՝ Հարավային Կովկասի հարաբերությունները Իրանի հետ և տարածաշրջանի դերը սիրիական խնդրի կարգավորման գործում։

Այնուամենայնիվ, միջազգային անվտանգության ինչ խնդիրներ էլ որ այսօր հայտնվեն առաջին պլանում, հարավկովկասյան երեք պետությունները պահպանում են իրենց ինքնուրույն նշանակությունը։ Հակամարտությունների մեծ կենտրոնացումը, հարևան պետությունների հետ հակասական հարաբերությունները և տարածաշրջանային ինտեգրացիայի պակասը թույլ չեն տալիս տարածաշրջանն ընդունել միայն որպես Ռուսաստանի և Արևմուտքի պրոքսի հակամարտության դաշտ։ Այն էլ այսօր, երբ տարածաշրջանային գործընթացներում ավելիուավելի ակտիվորեն ներգրավվում են նոր խաղացողներ, որոնցից ամենանկատելին Չինաստանն է։ Հարավային Կովկասի հետ Չինաստանի համագործակցության ծավալների աճը վերջին տարիներին նրան դարձնում են այս տարածաշրջանի ամենաազդեցիկ ուժերից մեկը։

Չինաստանի շարժառիթները

Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը Չինաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղությունները չեն։ Այս երկրները սահմանակից չեն Չինաստանին, իսկ նրանց տնտեսական համագործակցությունը դեռ այնքան էլ հսկայական չէ, չնայած, որ արագ է զարգանում։ Այնուամենայնիվ, Հարավային Կովկասը գրավում է Պեկինի ուշադրությունը` որպես իր «Մեկ գոտի, մեկ ուղի» ռազմավարության կարևոր մաս: Այդ կարևորությունը ևս մեկ անգամ հաստատեց Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի մայիսյան այցելությունը կովկասյան երեք հանրապետություններ, ինչը անմիջապես «պատմական» անվանվեց։

Դեռ 2015-ին Չինաստանը Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի  հետ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտում նրանց մասնակցության մասին տարատեսակ փաստաթղթեր (արձանագրություններ, հռչակագրեր, հուշագրեր) ստորագրեց։ 2017-ին Չինաստանը և Վրաստանը ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքեցին: Հետխորհրդային ողջ տարածքում համաձայնագիրը այդ ձևաչափի առաջին պայմանավորվածությունն էր։ Վրաստան արտահանվող չինական ապրանքների 96 տոկոսը ազատվում էր տուրքերից և վճարներից, իսկ Չինաստան արտահանվող վրացական ապրանքների 90 տոկոսից ավելին զրոյական մաքսատուրք է ստացել։

Գործարքը պետք է երկկողմ առևտրի զարգացմանը նոր ազդակ հաղորդեր, որն առանց այդ էլ 2002-2015-ին գրեթե 80 անգամ աճել էր։ Իհարկե, Չինաստանից Վրաստան արտահանվող ապրանքների չափը մի քանի անգամ մեծ է, սակայն Վրաստանին էլ է հաջողվել մեծացնել արտահանումը չինական շուկա։ 

Տասը տարի առաջ, ըստ էության, զրոյից սկսելով՝ Չինաստանն այսօր Վրաստանի արտահանման ամենախոշոր գործընկերների տասնյակում է (5 տոկոսից ավելի՝ 2018-ին)։

Չինաստանը մեծ ուշադրություն հատկացնում է նաև Ադրբեջանին։ Նրան է բաժին ընկնում տարածաշրջանում Չինաստանի ապրանքաշրջանառության 40 տոկոսից ավելին։ Չինական CTIEC Group պետական ընկերությունը մասնակցել է Բաքվում «Նորմ» ցեմենտի խոշոր գործարանի շինարարական աշխատանքներին։ Պեկինի համար պակաս հետաքրքրություն չի ներկայացնում Կասպից ծովի ափից սևծովյան ափ տանող Բաքու-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղային ճանապարհը՝ Ասիայից Եվրոպա տանող պատուհաններից մեկը։ Չնայած տեղի քաղաքական գործիչների ու փորձագետների առանձին բարձրագոչ հայտարարություններին՝ Հարավային Կովկասը դեռ չի դարձել Չինաստան-Եվրոպա տարանցման կարևոր տարածք։ Շատ բան ավելի շուտ մնում է ծրագրերի և հայտարարությունների մակարդակում։ Դա, ի դեպ, չի նշանակում, որ իրավիճակը ընդմիշտ կմնա այսպիսին։

Հայաստանի դիրքերը, ենթակառուցվածքային ծրագրերի տեսանկյունից, բավականին խոցելի են. չորս սահմաններից բաց են միայն երկուսը՝ Վրաստանի և Իրանի հետ, ինչի պատճառով էլ տարածաշրջանային լոգիստիկ և էներգետիկ շատ ծրագրերի երկիրը չի մասնակցում։ Սակայն Պեկինը դիտարկում է նաև այդ ուղղությունը՝ որպես Եվրասիական տնտեսական միության և Թեհրանի միջև կապող օղակի։ Դեպի Հայաստան ներկրմամբ Չինաստանն արդեն երկրորդ տեղն է գրավում՝ նրա ռազմավարական դաշնակից Ռուսաստանից հետո։

Հարավային Կովկասը Չինաստանի համար կարևոր է ոչ միայն տնտեսական հարցերում։ Չինաստանը առաջին տարին չէ, որ Սինծիանի Ույղուրական ինքնավար շրջանում ծայրահեղական ջիհադիզմի խնդիրների է բախվում։ Կովկասյան շրջանը՝ հարևան Մերձավոր Արևելքի հետ, կարևոր է այդ սպառնալիքի հակազդեցության համատեքստում։ Իսլամական պետության շարքերում այնպիսի տխրահռչակ դեմքեր, ինչպիսին Թարխան Բատիրաշվիլին (Ումար ալ-Շիշան) կամ Մուսլիմ Մարգոշվիլին են, գաղթել են Վրաստանի Պանկիսի կիրճից։ Soufan Group-ի տվյալներով՝ 2017-ի վերջի դրությամբ 900 մարդ Ադրբեջանից և Վրաստանի 200 քաղաքացի ներգրավված են եղել Մերձավոր Արևելքում Իսլակաման պետության գործողություններում։

Կովկասի շարժառիթները

Միայն Չինաստանը չէ, որ համագործակցությունը զարգացնելու շահեր ունի, այլև հենց տարածաշրջանի երկրները։ Վրաստանի և Ադրբեջանի համար չափազանց կարևոր է, որ Չինաստանը հետևողականորեն պաշտպանի տարածքային ամբողջականության սկզբունքները։ 

«Նախորդ մի քանի դարերի ընթացքում Կոսովոն, Աբխազիան և Հարավային Օսիան ոչ հեշտ պատմություն են ունեցել, էթնիկական դժվար խնդիրներ։ Ազգային քաղաքականությունում Չինաստանն իր խնդիրներն ունի։ Այդ պատճառով Չինաստանի տեսանկյունից՝ Ռուսաստանը  հետաքրքրված չէ չինական ազգային քաղաքականության և տարածքային ամողջականության հարցերում միջազգային միջամտությամբ։ Միևնույն ժամանակ, Չինաստանն էլ չի խառնվում այլ երկրների նման խնդիրներին»,- ասում է Շանհայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի փորձագետ Չան Յաոն։ 

Այս տարվա մայիսին Թբիլիսիում սա հաստատել է նաև Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին. «Մենք հարգում ենք Վրաստանի անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»։

Ի պատասխան դրա՝ կովկասյան առաջնորդները ևս պատրաստ են իրենց համերաշխությունը ցուցաբերել Պեկինի գործընկերների հետ։ Օրինակ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշում է, որ «Ադրբեջանն ու Չինաստանը մշտապես աջակցում են միմյանց միջազգային կազմակերպությունների շրջանակում, Ադրբեջանը թայվանական հարցում միշտ միասնական Չինաստանի դիրքերից է ելույթ ունենում, և այդ դիրքը անփոփոխ կմնա նաև հետագայում»։

Այնուամենայնիվ, այստեղ էլ կան նրբություններ։ Եթե Բաքուն, աշխարհի ուժի կենտրոններից հավասար հեռավորություն պահելու ուղղություն վերցնելով, կարող է իրեն Պեկինի հետ հարաբերություններում խորամանկելու տեղ թողնել, ապա Թբիլիսիի՝ Չինաստանին մերձենալը կանոնավոր կերպով կդառնա Արևմուտքի կողմից քննադատության առարկա։ Օրինակ՝ մայիսին Վան Իի Վրաստան այցը ԱՄՆ-ի դժգոհությունը առաջացրեց։ Հունիսին Վաշինգտոնում պետքարտուղար Մայք Պոմպեոն Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Մամուկա Բախտաձեին Չինաստանի հետ միասնական տնտեսական ծրագրերի թեմայով կոպիտ պատասխան տվեց՝ Չինաստանին ու Ռուսաստանին անվանելով Թբիլիսիի «մտացածին ընկերներ» անվանելով։ Չնայած ՆԱՏՕ և ԵՄ մտնելու իր հռչակած ուղղությանը՝ հենց Վրաստանն է Չինաստանի հետ ազատ առևտրի համաձայնագիր ստորագրած միակ պետությունը Հարավային Կովկասում։ 

Հայաստանը Չինաստանի հետ կապված այլ նպատակներ ու առաջադրանքներ ունի։ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միացման գաղափարի առաջքաշումը հասկանալի պատճառներով անհնար է։ Չինաստանը, Թայվանի, Տիբեթի և Սինծիանի հետ խնդիրներ ունենալով, չի խաղարկի չճանաչված պետականության և անջատողականության օրինականացումը։ Այնուամենայնիվ, տառապելով տարածաշրջանային ինտեգրացիայի պակասից և կախված լինելով ռուս-վրացական հարաբերությունների զարգացման ընթացքից՝ Երևանը ձգտում է ընդլայնել միջազգային կապերը բոլոր ուղղություններով և թույլ չտալ Ադրբեջանի կողմից ղարաբաղյան թեմայի (ինչպես նաև, ընդհանուր առմամբ, կովկասյան անվտանգության խնդիրների) մենաշնորհացումը։

Բացի այդ, բոլոր երեք երկրների համար Չինաստանը Ռուսաստանի և Արևմուտքի այլընտրանքի դեր ունի։ Ե՛վ Թբիլիսին, և՛ Երևանը, և՛ Բաքուն՝ յուրաքանչյուրն իր ձևով, իրենց տարածքներում Մոսկվայի, Վաշինգտոնի և Բրյուսելի միջև հաշիվների մշտական պարզումներից հոգնել են։ Այս առումով Չինաստանը կարող է հակակշռել ուժերի ծայրահեղությունները։

Հարավկովկասյան երկրների կարծիքով՝ Արևմուտքն օբյեկտիվորեն չի կարող աջակցել տարածաշրջանում տարածքային ամբողջականությանը, քանի դեռ Ռուսաստանի հետ առճակատման մեջ է։ Վերջին երկու տասնամյակներին Արևմուտքն ու Ռուսաստանը հերթով փոխում են տեղերը ստատուս քվոյի սկզբունքներին կողմ լինելու և ռևիզիոնիզմի, ազգային ինքնորոշմանն աջակցելու և պետությունների ամբողջականության հարցերում։ Միևնույն ժամանակ,  Չինաստանը արտաքին քաղաքականությունում ցուցաբերել է հետևողականություն՝ դրսևորելով իր անկախությունը Կոսովոյում, Աբխազիայում և Ղրիմում տեղի ունեցող իրադարձություններից։

Փոքր պետությունների համար միջազգային հարաբերություններում խաղի կանոնները չափազանց կարևոր են, ինչը չի կարելի ասել խոշոր տերությունների մասին, որոնք կարող են իրենց թույլ տալ հանպատրաստից գործել։ Կովկասի հարավում դա տանում է արտաքին քաղաքականությունում երկրների պրագմատիզմին։ Այսպես՝ Պեկինի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրած առաջին երկիրը դարձավ ՆԱՏՕ մտնելուն կողմ Վրաստանը։ 

Պեկինի՝ որպես տարածաշրջանում գլխավոր խաղացողի մասին խոսելու համար դեռ վաղ է։ Արևելագետ Ստանիսլավ Տարասովի խոսքով՝ Չինաստանը մանրազնին «դիվանագիտական հետախուզություն» է անում Կովկասում՝ այստեղի երկրների հետ հարաբերություններում հենվելով տնտեսության վրա։ Էթնոքաղաքական հակամարտություններում Պեկինի միջամտության մասին խոսք չկա։ Չինաստանի տեսանկյունից՝ տարածաշրջանում Ռուսաստանը դրական դեր կարող է խաղալ, որովհետև այնտեղ ավանդական ազդեցություն ունի։ Այսպես՝ «Ռուսաստանի և Վրաստանի միջև խնդիրները պետք է լուծեն միայն այդ երկու երկրները. Չինաստանը չի խառնվի նրանց գործերի մեջ»։

Այն պայմաններում, երբ Կովկասում արտաքին քաղաքականությունը բազմազանեցնելու պահանջարկը ակնհայտ է, Պեկինը տարածաշրջանի երկրների համար քաղաքական գրավիչ սահմաններ է նախագծում։ Ընդ որում, տարածաշրջանի ներքին խնդիրների մեջ խառնվելու ցանկություն չունենալը Չինաստանին բոլորի համար հարմար գործընկեր է դարձնում։

Թարգմանությունը՝ Լուսինե Վարդանյանի

Լուսանկարում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, 14․05․2019, Պեկին