17 նոյեմբեր, 2019 20:05

Գյուղատնտեսություն՝ ավելին, քան միայն թվերն են․ Արտակ Քամալյան

Արտակ Քամալյան

Վերջին ժամանակներս բոլորն ինձ նույն հարցերն են տալիս` դո՞ւր է գալիս քեզ արդյոք չինովնիկի աշխատանքը, ևս մեկ ամիս կձգե՞ս, թե՞ ոչ, կշարունակե՞ս ապրել Հայաստանում, թե՞ կմեկնես, ի՞նչ վիճակում է գյուղատնտեսությունը և այլն։ Ամենազավեշտալին այն է, որ այս հարցերը չեն տրվում սոսկ իմ պատասխանը ստանալու նպատակով, այլ ավելի շոււտ  չարախնդալու և ծաղրելու միտումով։ Որպես կանոն, ակնկալում են լսել բացասական պատասխաններ, որ ասեմ` «անչափ դժվար է, ոչինչ չի ստացվում և դժվար էլ,  թե ստացվի»։ Սպասում են բոլորը՝ սկսած շեմքի հարևանից մինչև ԱԺ պատգամավորներ։

Ինձ մոտ սկսել է ձևավորվել այնպիսի կարծիք, որ մեր երկրում գերակշռում են մազոխիստները, այլ ոչ՝ նորմալ մարդիկ, և քանի դեռ մենք չենք ստացել բացասական տեղեկատվության հերթական չափաբաժինը հեռուստացույցի էկրանից կամ սոցցանցերից, օրը կորած է մեզ համար և քնել նույնպես չի հաջողվի։ Տպավորություն է, որ բոլորը սպասում են միայն բացասականին։

Արտակ Քամալյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալն է, համակարգում է գյուղատնտեսության ոլորտըՍիրելիներս, ամեն ինչ լավ է, ամեն ինչ ձեր երևակայածից էլ ավելի լավ է։ Վերցնենք թեկուզ մեր գյուղատնտեսությունը․ թեև ամեն բան այնքան էլ մեր պլանավորածի պես չի ընթանում, ամեն բան թեև այնքան էլ հարթ ու արագ չի ստացվում, սակայն մենք հաստատ ճիշտ ուղու վրա ենք և մենք միանշանակ կհասնենք նրան, որ Հայաստանում ձևավորվի փոքր և միջին ֆերմերային տնտեսությունների ամուր շերտ, որոնք 21-րդ դարի տեխնոլոգիաների և նորարարական գիտելիքների միջոցով կկարողանան միանգամայն արդյունավետ օգտագործել բնության կողմից մեզ տրված ռեսուրսները՝ արտաքին և ներքին շուկաների համար ստեղծելով գյուղատնտեսական մրցունակ և որակապես բարձր արտադրանք։

Սակայն հրաշքներ չեն լինում։ Պետք չէ ակնկալել, որ մեր՝ տարիներ շարունակ չմշակված հողերից ստացված բերքի քանակը կտրուկ ավելանալու է։ Դա չի կարող լինել, քանի որ գործնականում անհնար է (եթե միայն «չնկարել» թվեր)։ Չի կարելի նայել թվերին և 9 ամսվա ընթացքում տեսնելով 5 տոկոս անկում գյուղատնտեսության մեջ, գլոբալ հետևություններ անել այսօրվա ագրարային քաղաքականության վերաբերյալ, քանի որ տնտեսագիտական և տրամաբանական տեսանկյունից դա պարզապես մոտեցման անգրագետ ձև է։ Սակայն, եթե դուք իրոք ցանկանում եք իմանալ այսօրվա գյուղոլորտի միտումները, ապա վերլուծեք այլ ցուցանիշներ։ Վերցրեք, օրինակ, գյուղատնտեսության հիմնական կապիտալ ներդրումները․ որպես օրինակ՝ այս տարվա 6 ամիսների ընթացքում երկիր է բերվել 60 տոկոսով ավելի շատ տրակտոր, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Կամ 2019թ․ 9 ամիսների ընթացքում գրեթե այնքան հանքային պարարտանյութ է ձեռք բերվել, որքան 2017 և 2018 թվականներին՝ միասին վերցրած։ Կամ եկեք վերցնենք վերամշակված և/կամ արտահանված գյուղատնտեսական արտադրանքի թվերը։ Արտադրանքի գրեթե բոլոր տեսակների համար նկատվում է նշանակալի աճ։ Արտադրանքի առանձին տեսակների համար (վարունգ, ելակ, սմբուկ, արքայանարինջ և այլն) աճն ավելին է անգամներով։ Չեմ ցանկանում նորից հիշատակել ինտենսիվ այգիների և սառնարանային տնտեսությունների վերաբերյալ թվերը, որոնց մասին արդեն խոսել է երկրի ղեկավարը մամլո ասուլիսի ժամանակ։

Եվ նույնիսկ հիմնական կապիտալում այսօրինակ ներդրումների աճի, նորագույն տեխնոլոգիաների լայնամասշտաբ կիրառման պարագայում էլ չի կարելի ակնկալել գերարագ արդյունքներ։ Մարդկային գործոնը, կրթության և աշխատանքային ռեսուրսների որակը դեռ բավականին երկար ժամանակ կդանդաղեցնեն ոլորտի զարգացումը։

Եվ հետո, երբ դուք ուսումնասիրում եք թվերը, ցանկանալով հետևություններ անել, խորհուրդ կտամ ձեզ փոքր-ինչ ծանոթանալ դրանց բովանդակությանը և փորձել հասկանալ, թե ինչպես են դրանք ձևավորվում։ Օրինակ, ինձ ասում են, որ 2018թ նոյեմբերի 1-ի դրությամբ մենք արտահանել էինք 32 000 տոննա լոլիկ, մինչդեռ այս տարի նույն ժամանակաշրջանի համար ընդամենը՝ 21  000 տոննա, հետևաբար՝ արտահանման նվազում 35 տոկոսով։ Մակերեսային վերլուծությունը փաստում է հենց այս, սակայն եթե մենք դիտարկենք նախորդ տարվա արտահաման կառուցվածքը, ապա կտեսնեք, որ քվազի-էքսպորտը (կամ տարանցիկ արտահանումը) կազմել է անցյալ տարվա ծավալների գրեթե կեսը։ Այլ կերպ ասած, իրավիճակն արմատապես հակառակն է, և լոլիկի իրական արտահանումն ավելացել է շուրջ 35 տոկոսով։ Նման օրինակները շատ-շատ են։

Մեր օրերում շատ շատերը շարունակում են մտածել հին ձևով և չեն գիտակցում, որ երկրում ամեն օր փոփոխություններ են կատարվում, վերափոխվում է պետական ագրարային քաղաքականությունը։ Մենք այլևս չենք ցանկանում գնել սերմեր կամ պարարտանյութ և բաժանել դրանք, քանի որ մենք հաստատ չենք գնելու դրանք լավագույն որակի և արժեքի, հաստատ բաժանելու ենք ոչ այն մարդկանց, ում անհրաժեշտ է և ոչ էլ ճիշտ ժամանակին ենք բաժանելու։ Մենք չպետք է զբաղվենք դրանով։ Մեր քաղաքականությունն այսօր պետք է միտված լինի գյուղատնտեսության մեջ ներդրումներ անելու համար գրավիչ պայմանների ստեղծմանը, գյուղական և շուկայական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, հիմնական կապիտալում ներդրումների խթանմանը, արտահանման կարողությունների զարգացմանը, գյուղատնտեսությանը սպառնացող ռիսկերի ազդեցության բացասական հետևանքները մեղմելու միջոցառումների մշակմանը, սննդամթերքի որակի և անվտանգության բարելավմանը և այլն։ Այս ամենն իհարկե տևական համառ, քրտնաջան և դժվարին աշխատանք է պահանջում։

Ես կոչ եմ անում բոլորին՝ եկե՛ք այլևս չսպասենք և չփնտրենք բացասականը, եկե՛ք օգնենք միմյանց։ Եկե՛ք բոլորս միասին ցուցաբերենք համբերություն և փոքր-ինչ պրոֆեսիոնալիզմ և ի վերջո եկեք ականջ դնենք մեծն Պ․ Յ․ Չաադաևին․ ««Пока из наших уст помимо нашей воли не вырвется признание во всех ошибках нашего прошлого, пока из наших недр не исторгнется крик боли и раскаяния… мы не увидим спасения». Ամեն մեկս և բոլորս միասին հավատանք մեր ուժերին ու քայլ-քայլ գնանք առաջ:

Տե՛ս նաև՝ Գյուղոլորտում կոռուպցիան հիմա զրո է․ Արտակ Քամալյան

Արտակ Քամալյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալն է, համակարգում է գյուղատնտեսության ոլորտը

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: