20 նոյեմբեր, 2019 21:33

Պետությունն օտարում է Ծաղկաձորի «Գոլդեն փելիսը»

Կառավարությունը նոյեմբերի 20-ի նիստում մտադիր է օտարել Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի` պետությանը նվիրած Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցը։ Հարցն ընդգրկված է կառավարության նիստի օրակարգում։ Հայտարարվելու է աճուրդ, որով հյուրանոցային շենք-շինությունները և շարժական գույքը գնահատվել են ավելի քան 7,5 միլիարդ դրամ։

Ըստ որոշման նախագծի՝ գնորդը պարտավորվելու է նաև վճարել գույքի զբաղեցրած տարածքի կադաստրային արժեքը՝ ավելի քան 62 միլիոն դրամ։ Աճուրդը կայանալու է մեկ ամսվա ընթացքում։

2018-ի հոկտեմբերի 11-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ հարուցվել է քրեական գործ Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի կողմից փողերի լվացման և ապօրինի ձեռնարկատիրությանը մասնակցության համար։ ԱԱԾ-ն ստուգում էր «Գոլդեն փելիս» հյուրանոցի կառուցման միջոցների օրինականությունը, որի ընթացքում Արմեն Ավետիսյանը ցանկություն էր հայտնել գույքը նվիրել պետությանը։ Սեպտեմբերի 26-ին կառավարության նիստում պետությունը ընդունեց նվիրատվությունը։

Մկրտիչ Կարապետյան