21 նոյեմբեր, 2019 16:41

Վարչապետի խոսնակը Միլանի եկեղեցում տեղի ունեցածը «միջադեպ» չի համարում

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը լրատվամիջոցների հետ զրույցում մեկնաբանել է նոյեմբերի 20-ին Միլանի հայկական եկեղեցում տեղի ունեցած միջադեպը։

Նա ասել է, որ ինչպես բոլոր եկեղեցիներում, մեր եկեղեցում էլ մուտքը բաց է բոլորի համար։ Վարչապետ Փաշինյանի ելույթի ժամանակ ադրբեջանցու ներս մտնելու հետ կապված որևէ հարց կամ խնդիր, ըստ Կարապետյանի, չկա։

Նոյեմբերի 20–ին Իտալիայի Միլան քաղաքի Քառասուն Մանկաց հայ առաքելական եկեղեցում ՀՀ վարչապետի` հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ադրբեջանցի բլոգեր ներկայացած մի անձ հարցեր է ուղղել Փաշինյանին՝ կոչ անելով «դադարեցնել պատերազմը և վերադարձնել հողերը», մեղադրել է Հայաստանին «ադրբեջանցի ժողովրդի ցեղասպանության» մեջ, նա մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանին անվանել է «ժողովրդավար»։

Իր պատասխանում Փաշինյանը հայտարարել է, որ, առաջին հերթին, տեսականորեն և գործնականորեն անհնար է պատկերացնել, որ հայը կարող է մտնել սրահ, որտեղ տեղի է ունենում նման միջոցառում ադրբեջանցիների մասնակցությամբ և հարց ուղղել Ադրբեջանի նախագահին։ 

«Դուք ասացիք, որ ամբողջ աշխարհն ընդունել է Ադրբեջանի նկատմամբ ցեղասպանությունը, դա սովորական սուտ է, քանի որ նույնիսկ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ին հարցազրույց է տվել և ասել, որ Խոջալուի իրադարձությունները կազմակերպել է ադրբեջանական ընդդիմությունը, որպեսզի իրականացնի իշխանությունների փոփոխություն Ադրբեջանում»,- ասել է Փաշինյանը, նա նաև կրկնել է իր այն թեզը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովրդի համար: 

«Համաձայն չեմ, որ տեղի ունեցածը միջադեպ է, որովհետև երեկ ադրբեջանցի բլոգերին հնարավորություն ընձեռվեց հարց հնչեցնելու, և վարչապետը սիրահոժար պատասխանեց հարցին։ Ադրբեջանցին, Ադրբեջանի հասարակությունը հնարավորություն ունեցավ առաջին դեմքից լսելու մեր մոտեցումներն այն հարցերի շուրջ, որոնք իրենց մտահոգում են»,–ասել է Կարապետյանը։

Վլադիմիր Կարապետյանի խոսքով` «անվտանգության առումով որևէ խնդիր չկա այս ամենում»։

Միլանի եկեղեցում ՀՀ վարչապետին հարցեր ուղղած ադրբեջանցի Աթա Աբդուլաևը, ինչպես պարզվել է, ադրբեջանական ոստիկանությանը կից հանրային խորհրդի անդամ է և ժամանակին անցել է քրեական գործով:

#ՍիվիլՆեթ #Լուրեր