22 նոյեմբեր, 2019 15:04

Օտարերկրյա մասնագետների ներկայությունը լաբորատորիաների տարածքում բացառված է․ ԱԳՆ վարչության պետ

Հայաստանում ԱՄՆ-ի աջակցությամբ վերազինված կնեսաբանական լաբորատորիաների վերաբերյալ ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի գրավոր հարցերին պատասխանել է ԱԳՆ Միջազգային անվտանգության վարչության պետ Արմեն Եդիգարյանը:

Ըստ շրջանառվող տեղեկատվության, ռուս փորձագետների մուտքը Հայաստանում ԱՄՆ-ի աջակցությամբ վերազինված կնեսաբանական աբորատորիաներ թույլատրելու համար Հայաստանի ու Ռուսաստանի միջև պետք է ստորագրվեր հուշագիր՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի նոյեմբերի 10-11 Երևան կատարած այից ժամանակ։ Հուշագրի ստորագրման հետաձգման հետ կապված տարաբնույթ մեկնաբանություններ եղան մամուլում։ Օրեր առաջ ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց խնդիրը․ «Մենք Ռուսաստանի հետ ունեինք պայմանագրի նախագիծ, պատրաստ էինք այն ստորագրել, բայց ռուս գործընկերները որոշեցին դրա վրա էլի աշխատել: Կաշխատենք դրա շուրջ, ու երբ երկու կողմերն էլ համաձայն կլինեն՝ կստորագրենք»: ՍիվիլՆեթի հետ հարցազրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր հերթին հայտարարել է, թե ԱՄՆ-ը խնդիր չի տեսնում, որ ռուս մասնագետները մուտք ունենան այդ լաբորատորիաներ։ 

 ԱԳՆ Միջազգային անվտանգության վարչության պետ Արմեն Եդիգարյանը- Պարոն Եդիգարյան, Սերգեյ Լավրովի այցից հետո ռուսական РБК-ն, հղում անելով իր աղբյուրներին, հայտնեց, որ Երևանի ու Մոսկվայի միջև կենսաբանական լաբորատորիաների մասին հուշագրի ստորագրումը հետաձգվել է: Արդյոք ճի՞շտ է այս լուրը, եթե այո, ապա ինչո՞վ է պայմանավորված ստորագրման հետաձգումը:

- Հայաստանի և Ռուսաստանի միջև «Կենսաբանական անվտանգության ապահովման հարցերով» փոխըմբռնման հուշագիրը ոչ թե Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաների վերաբերող հարցերի մասին է, այլ անդրադառնում է կողմերի կենսաբանական անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների լայն շրջանակի: Նախատեսվում են գործակցության մեխանիզմներ, տեղեկատվության փոխանակում, մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպում: 

Հուշագրի նախագիծը ներկայում գտնվում է երկու պետություններում ներպետական համաձայնեցման փուլում: 

- Ո՞ր փուլում է կենսաբանական լաբորատորիաների մասին հուշագրի պատրաստման գործընթացը: Պատրա՞ստ է արդյոք տեքստը, այն համաձայնեցվա՞ծ է կողմերի միջև ամբողջությամբ: Կա՞ն արդյոք Հայաստանի համար վիճահարույց կետեր: 

- Հուշագրի նախագծի տեքստի շուրջ աշխատանքներն ընթանում էին 2017-ից:  Այդ ընթացքում կողմերը միմյանց էին ներկայացնում նախագծի դրույթների վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները: Հուշագրի նախագիծն ամբողջությամբ համաձայնեցվեց հոկտեմբերին կայացած հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցությունների ընթացքում, որին ՀՀ միջգերատեսչական թիմը ղեկավարում էի ես: Եվ, ինչպես նշեցի, ներկայում նախագիծը երկու պետություններում ներպետական համաձայնեցման փուլում է:

- ԱՄՆ-ի ֆինանսական միջոցներով վերազինված կենսաբանական լաբորատորիաները արդեն մի քանի տարի է՝ գործում են Հայաստանում, և ոչ միայն: Ինչո՞ւ միայն վերջին շրջանում այն դարձավ բուռն քննարկումների առարկա, և արդյոք Երևանի համար ընդունելի՞ են Մոսկվայի՝ կենսաբանական լաբորատորիաների վերաբերյալ մտահոգությունները:

- Հայկական կողմը բազմիցս հայտնել է, որ լաբորատորիաները պատկանում են Հայաստանին և ամբողջովին վերահսկվում են ՀՀ պետական մարմինների կողմից: Լաբորատորիաների անձնակազմը բաղկացած է միայն ՀՀ քաղաքացիներից, օտարերկրյա մասնագետների ներկայությունը լաբորատորիաների տարածքում բացառված է:

Հայաստանի և Ռուսաստանի միջգերատեսչական խորհրդակցությունների շրջանակներում մենք քննարկել ենք կենսաբանական լաբորատորիաների խնդիրը և հավաստիացրել ռուսական կողմին, որ իրականացվող հետազոտությունները զուտ գիտական բնույթի են և հետապնդում են առողջապահական և անասնաբուժական ոլորտներում ՀՀ բնակչության պաշտպանվածությունը բարձրացնելու նպատակներ:

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ իրականացվեց ՌԴ պատվիրակության ճանաչողական այց Երևանում և Գյումրիում տեղակայված լաբորատորիաներ՝ ռուսական կողմի մտահոգությունները փարատելու նպատակով: 

- Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցի կապակցությամբ բազմիցս հայտարարվել էր, որ Երևանի ու Մոսկվայի միջև ստորագրվելիք հուշագրով երաշխավորվելու է ռուս փորձագետների մուտքը Հայաստանում գործող լաբորատորիաներ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս լուրերը:

- Հուշագիրը կարգավորում է կենսաբանական անվտանգության ապահովման ասպարեզում Հայաստանի և ՌԴ՝ երկու ինքնիշխան պետության  համագործակցությունը: Հուշագրով չի նախատեսվում որևէ կողմի համար լաբորատորիաների աշխատանքային տարածքներ մուտքի կամ որևէ այլ միակողմ վերահսկողություն իրականացնելու իրավունքի երաշխավորումը: 

Միաժամանակ տեղեկացնեմ, որ ՀՀ վարչապետի 2018 թ. հոկտեմբերի 8-ի N 1320 որոշմամբ ստեղծվել է ՀՀ կենսանվտանգության և կենսապահովման հարցերով աշխատանքային խումբ՝ ՀՀ ԱԽ ղեկավարությամբ: Նշված խմբի անդամ հանդիսացող գերատեսչությունները ներկայում մշակում են Կենսանվտանգության և կենսաապահովման մասին ՀՀ օրենքի նախագիծ, որի միջոցով կարգավորվելու է նշված ոլորտում գործող կազմակերպությունների, այդ թվում լաբորատորիաների գործունեությունը։ Կսահմանափակվի նաև նշված հաստատություններ մուտքի իրավունքը: 

- Քանի որ կողմերը հասել են համաձայնության կենսաբանական լաբորատորիաների շուրջ, նախատեսվում է հուշագրի ստորագրում: Կարելի՞ է հարցը փակված համարել, իսկ մտահոգությունները՝ փարատված:

- Մենք լիահույս ենք, որ մեր ռազմավարական գործընկերների մտահոգությունները կփարատվեն: Մեր կողմից մենք իրականացրինք բոլոր անհրաժեշտ քայլերը այն ապահովելու ուղղությամբ: Հավելեմ, որ ինչպես Ռուսաստանը կարող է հետաքրքրվել Հայաստանում իրականացվող միջազգային ծրագրերի մասին, այնպես էլ Հայաստանը՝ Ռուսաստանի և երրորդ երկրների միջև իրականացվող և մեզ համար հետաքրքրություն ներկայացնող համագործակցության մասին:

Կարդացե՛ք նաև՝

Վարչապետը պատասխանել է ռուսաստանցի լրագրողների հարցերին

ԱՄՆ-ը դեմ չէ, որ ռուս փորձագետները մուտք ունենան լաբորատորիաներ․ դեսպան Թրեյսի

Բիոլաբորատորիաներն այլևս խնդիր չե՞ն. Երևանն ու Մոսկվան հուշագիր են ստորագրում

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Կոմերսանտին

Այլ երկրի ներկայացուցիչների մուտքը ռեֆերենս լաբորատորիաների սենյակներ արգելված է․ աղբյուր