27 նոյեմբեր, 2019 11:33

Երևանը հաստատում է Արաքսի աղտոտման Իրանի մտահոգությունը, քայլեր է ձեռնարկում

Անցյալ շաբաթ հայ-իրանական աշխատանքային խումբը Թավրիզում քննարկել է հայկական կողմից Արաքս գետի աղտոտման խնդիրը։

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը ՍվիլիՆեթին հաստատել է, որ նոյեմբերի 19-22-ին Թավրիզում կայացել է Արաքս գետի աղտոտվածության ուսումնասիրման հայ-իրանական աշխատանքային խմբի 24-րդ նիստը։ 

Հայկական ձեռնարկությունների կողմից Արաքս գետի աղտոտման մասին գրել էր իրանական անգլալեզու The Tehran Times թերթը՝ նշելով, որ Թավրիզում նիստի ժամանակ քննարկվել է Արաքս գետ Հայաստանի տարածքից ծանր մետաղներով լի հոսքաջրերի արտահոսքի խնդիրը:

Ըստ Tehran Times-ի՝ Իրանի համար զբոսաշրջային ու գյուղատնտեսական մեծ նշանակություն ունեցող Արաքս գետի՝ ծանր մետաղներով աղտոտման հիմնական պատճառը Հայաստանի հարավում գործող գործարաններից տեղի ունեցող արտահոսքերն են: Թերթը գրել էր, որ Թավրիզում տեղի ունեցած նիստին «հայկական կողմն ընդունել է, որ արտահոսքերը տեղի են ունենում ՀՀ տարածքից և պարտավորվել է առաջիկա երեք տարում վերացնել խնդիրը»:

Շրջակա միջավայրի նախարարությունը հաստատում է, որ Արաքս գետի աղտոտումը իսկապես տեղի է ունենում հայկական կողմից։ Նախարարության պատասխանում նշվում է, որ 2005-ից ի վեր իրանական կողմը բարձրացնում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատից կեղտաջրերի արտահոսքի խնդիրը: 

ՍիվիլՆեթը հետաքրքրվել էր, թե արդյոք խնդիրը սրվել է նաև վերջերս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարի խողովակաշարի վթարի հետևանքով Ողջի գետ տեղի ունեցած արտահոսքի պատճառով (Ողջին Արաքսի վտակ է): Նախարարությունն այս հարցին հստակ պատասխան չի տվել։

Նախարարության պատասխանից տեղեկանում ենք, որ Արաքս գետի ջրի որակը Իրանի հետ համատեղ վերահսկելու հարցը տասնամյակների պատմություն ունի։ 2005թ․ ստեղծվել և առ այսօր գործում է հայ և իրանական փորձագետների աշխատանքային խումբ Արաքս գետի ջրի որակի հսկման ու պահպանման համար: 

«Արաքս գետի հայ-իրանական համատեղ մոնիթորինգային աշխատանքների շրջանակ­ում դիտարկումներ կատարվում են Արաքս գետի ութ (Հայաստանում և Իրանում չորսական նմուշառման կետեր), Մեղրիգետ և Կարճևան գետերի մեկական նմուշառման կետերում: Ուսումնասիրությունները կատարվում են պարբերաբար երկու տարբերակով՝ Իրանի հետ համատեղ նմուշառում (միաժամանակ և´ հայկական, և´ իրանական ափերից) ու միաժամանակյա (յուրաքանչյուր կողմը իր ափից միևնույն օրը)»,- ասված է նախարարության պատասխանում:

Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է նաև, որ  Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի երեք պոչամբարներից երկուսում արդեն իսկ տեղադրված է կեղտաջրերի փակ շրջանառու համակարգ։ Երրորդ պոչամբարում, ըստ նախարարության, աշխատանքները շարունակվում են, և շահագործումից հետո հնարավոր կլինի նվազագույնի հասցնել Արաքս գետի աղտոտվածությունը։

Պոչամբարի վերակառուցման աշխատանքները կավարտվեն 2021թ․ երկրորդ կեսին, ասված է նախարարության պատասխանում:

Արշալույս Մղդեսյան