28 նոյեմբեր, 2019 15:58

ՌԴ-ում մահացել է Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը

Ռուսաստանի Դաշնությունում մահացել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը, որը շրջանառվել է մամուլում, հաստատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Ըստ նախնական տվյալների՝ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը»,- ասել է Նաղդալյանը:

Հաղորդվում է, որ մահը վրա է հասել գազի պայթյունի հետևանքով:

Աշոտ Կարապետյանը 2013թ. ապրիլի 15-ին ոստիկանության պետի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ։ 2016–ի օգոստոսի 8-ին նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով։ Կարապետյանը, ինչպես հայտնել էր ոստիկանությունը, այդ ժամանակ ոստիկանությունում ընթացող ծառայողական քննությունների արդյունքներով ենթարկվել էր կարգապահական տույժի:

Լուսանկարում՝ Աշոտ Կարապետյանը կենտրոնում