28 նոյեմբեր, 2019 11:38

Amnesty International-ը կոչ է անում Վրաստանի իշխանություններին ապահովել խաղաղ հավաքների ազատություն

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել Վրաստանում բողոքի ցույցերի առնչությամբ՝ այդ երկրի իշխանություններին կոչ անելով ապահովել խաղաղ հավաքների ազատության իրավունքը և ձեռնպահ մնալ խաղաղ ցուցարարների հանդեպ ուժի կիրառումից։

Իր հայտարարությունում կազմակերպությունը շեշտադրում է նոյեմբերի 18-ին և 26-ին Թբիլիսիում ցույցերի ժամանակ իրավապահների կողմից ջրցան մեքենաների կիրառումը և հանգամանքը, որ տասնյակ ցուցարարներ բերման են ենթարկվել ոստիկանության ցուցումներին չենթարկվելու համար։

Amnesty International-ը ընդգծում է ՝ «ուժ կարող է կիրառվել այն դեպքում, երբ ոչ բռնի միջոցներն այլևս արդյունավետ չեն, իսկ իրավապահները պետք է փորձեն նվազագույնի հասցնել վնասներն ու վնասվածքները»։

Նոյեմբերի կեսից Վրաստանում բողքի ակցիաներ են ընթանում, որոնք սկսվել են այն բանից հետո, երբ ձախողվել է համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրենքի նախագծի ընդունումը: 

Լուսանկարում՝ Երկաթե պատնեշներ Վրաստանի խորհրդարանի մուտքի մոտ

#ՍիվիլՆեթ #Լուրեր