29 նոյեմբեր, 2019 17:34

Ադրբեջանում էլ վաղ թե ուշ կլինի իշխանափոխություն՝ սոցիալական պայթյունի արդյունքում․ Արիֆ Յունուսով

Բաքվի՝ Խաղաղության և ժողովրդավարության ինստիոտւտի կոնֆլիկտաբանության և միգրացիայի վարչության ղեկավար, հայտնի քաղաքագետ Արիֆ Յունուսովը ՍիվիլՆեթի հետ կարճ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի իշխող կուսակցության՝ խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու որոշումը։ Յունուսովի կարծիքով՝ Ադրբեջանում նախապատրաստվում է իշխանության փոխանցում Ալիևների ընտանիքի ներսում։

- Նոյեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի իշխող կուսակցությունը առաջարկել է արձակել խորհրդարանը։ Կնշանակվեն արտահերթ ընտրություններ։ Ֆեյսբուքյան Ձեր էջում գրել եք. «Ադրբեջանի խորհրդարանը արձակված է։ Մեհրիբան Ալիևայի՝ իշխանության գալու մեկնարկը տրված է»։ Կարծում եք՝ այս ամբողջ սցենարը հանգամանորեն ծրագրվել է դեռ վաղո՞ւց, թե՞, ամեն դեպքում, դա օրակարգ է, որը հասունացել է հարաբերականորեն վերջերս՝ ներքին կամ արտաքին ինչ-որ հանգամանքներից ելնելով։

- Երկուսն էլ։ Մի կողմից Մեհրիբան Ալիևան դեռ վաղուց ուզում էր իշխանության գալ և նախագահ դառնալ։ Ինչ-որ ժամանակ նույնիսկ սկսեցին նրա համար կուսակցություն ստեղծել։ Սակայն 2009-ին իշխանությունում նրա հակառակորդները՝ Հեյդար Ալիևի նախկին գվարդիայի անդամները՝ Ռամիզ Մեհթիևի գլխավորությամբ, թույլ չտվեցին, որ նա Իլհամ Ալիևի նախագահության երկրորդ շրջանից հետո իշխանության գա և սահմանադրության մեջ ուղղումներ արեցին։ Դրանից հետո սկսվեց Մեհրիբան Ալիևայի երկար պայքարը այդ թիմի և անձամբ Ռամիզ Մեհթիևի դեմ։ Միաժամանակ նա իր կադրերն էր պատրաստում, իր թիմը Հեյդարի Ալիևի անվան հիմնադրամում։ Այդ գաղտնի պայքարը որոշիչ փուլ թևակոխեց 2017-ին, երբ Իլհամ Ալիևը կնոջը նշանակեց փոխնախագահ և կարգադրեց լուծարել իր աշխատակազմը, որպեսզի նշանակակի նորը՝ կնոջ թիմից։ Սակայն Մեհթիևը ավելի ուժեղ դուրս եկավ, չհեռացավ և նույնիսկ պատասխան հարված հասցրեց՝ իր վերահսկողության տակ գտնվող խորհրդարանը «Պետական ծառայության մասին» օրենք ըդնունեց և փաստորեն նախագահի աշխատակազմը լուծարելու մասին Իլհամ Ալիևի հրամանը չեղարկեց։ Եվ արդյունքում, նախագահի՝ իրավաբանորեն լուծարված աշխատակազմը շարունակեց աշխատել՝ Մեհթիևի գլխավորությամբ, Մեհրիբան Ալիևայի ղեկավարած նոր թիմը նույնպես աշխատում էր, բայց ոչ թե նախագահի աշխատակազմում, այլ Հեյդար Ալիևի հիմնադրամում։ Այս տարվա հոկտեմբերին Մեհթիևը դադարեց պաշտոնավարել, և դրանով ավարտվեց նրա և նրա թիմի հետ երկարատև առճակատումը։
Սակայն մինչև այս պայքարը չէր ավարտվել, այլ սցենարների մասին նույնիսկ խոսք չկար։ Բայց երբ այս տարվա հոկտեմբերին ամեն ինչ ավարտվեց, բարձրացավ հաջորդ նախագահի մասին հարցը։ Փորձագետների ուշադրությունը գարնանը գրավեցին Իլհամ Ալիևի առողջական խնդիրները։ Օգոստոսի վերջին նրա մոտ լուրջ առողջական խնդիրներ եղան, և նա երկու ամսով անհետացավ․ հանրությունը չգիտեր՝ որտեղ է նախագահը։ Այո, սեպտեմբերին բժիշկները կարողացան Իլհամ Ալիևին ճգնաժամից հանել, սակայն կրկնության երաշխիք չկար։ Հենց այդ ամենից հետո սկսվեց ընտանիքի ներսում իշխանության փոխանցման սցենարի նախապատրաստման շրջանը։ Սակայն նախ հարկավոր էր ամրագրել Հեյդար Ալիևի հին գվարդիայի նկատմամբ հաղթանակը, դրա համար էլ առաջացավ խորհրդարանը արձակելու գաղափարը, որպեսզի նոր խորհրդարան տանեն իրենց համախոհներին և ապահովագրեն իրենց և թույլ չտան 2017-ի կրկնությունը։ Դրանից հետո իշխանության փոխանցման նախագիծը քննարկվեց Մոսկվայում՝ Պուտինի հետ, մնացած մանրամասները թերևս կքննարկվեն դեկտեմբերի սկզբին Լավրովի՝ Բաքու այցի ժամանակ և կավարտվեն Մոսկվայում Իլհամ Ալիևի և Պուտինի հանդիպումից հետո։

- Վերջերս Բաքվի համալսարանի 100-ամյակի կապակցությամբ իր ելույթում Ադրբեջանի նախագահը արեց բավականին հետաքրքիր հայտարարություններ, որոնցից մեկը վերաբերում էր «բարեփոխումներին, որոնք գիտակից որոշում են»։ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ են այսօր Ադրբեջանի իշխանությունները անկեղծ բարեփոխումներ անելու իրենց ձգտման մեջ, թե՞ ամեն դեպքում դա քողարկում է և ձևական փոփոխություններ՝ ուղղված երկրում ներքին իրավիճակի թոթափմանը։

- Անվերջ կարելի է հետևել երեք բանի՝ ինչպես է վառվում կրակը, հոսում ջուրը և ինչպես է Իլհամ Ալիևը պայքարում կոռուպցիայի դեմ և անցկացնում բարեփոխումներ։ Իր իշխանության առաջին օրերից՝ 2003-ից մինչև այսօր, այսինքն՝ 16 տարի նա միայն մի բան է անում՝ «բարեփոխումներ» է խոստանում։ Եվ որքան են նման հորդորներ արել ամերիկյան և եվրոպական քաղաքական գործիչները։ 2008-ին Wikileaks-ում հրապարակվել էր մի մեջբերում Ալիևի և այն ժամանակվա դեսպան Էնն Դերսի հետ ունեցած զրույցից, որում վերջինս արդեն որերորդ անգամ համոզում էր Իլհամ Ալիևին երկրում բարեփոխումներ սկսել։ Ալիևը պատասխանել էր՝ «Եթե ես դա անեմ, անմիջապես կկորցնեմ իշխանությունը»։

- Նույն ելույթում Ալիևը երիտասարդությանը նախազգուշացնում է արտաքին շրջանակների ազդեցության և հեղափոխությունների վտանգավորության մասին։ Այսօր Դուք տեսնո՞ւմ եք Ադրբեջանում սոցիալական պայթյունի կամ հեղափոխության նախադրյալներ և ինչպե՞ս կմեկնաբանեք Ալիևի պնդումն այն մասին, որ «բնակչության բացարձակ մեծամասնությունն իրենց այլընտրանք չի տեսնում, և ո՞վ կարող է դառնալ այդպիսի այլընտրանք»։
 
- Եթե ուսումնասիրենք ժամանակակից բոլոր բռնապետների ելույթների տեքստերը, ապա կտեսնենք, որ նրանք բոլորը ասում են նույն բանը՝ պաշտպանում/նախազգուշացնում են բնակչությանը և հատկապես երիտասարդությանը «արտաքին վտանգավոր ազդեցություն» մասին և միևնույն ժամանակ վստահեցնում են, որ «բնակչության բացարձակ մեծամասնությունը» իրենց այլընտրանք չի տեսնում։ Ես նույն բանը լսել եմ Թունիսում, որտեղ թագավորում էր Բեն Ալիի ընտանքիը, և նրանք նույն բանն էին ասում։ Իսկ «Արաբական հեղափոխությունը» սկսվեց հենց այնտեղ։ Ադրբեջանում էլ վաղ թե ուշ իշխանափոխություն կլինի՝ սոցիալական պայթյունի արդյունքում։

Զրուցեց Ստելլա Մեհրաբեկյանը

Թարգմանեց Լուսինե Վարդանյանը