29 նոյեմբեր, 2019 14:24

Դեկտեմբերը կլինի սովորականից տաք. Գագիկ Սուրենյան

Դեկտեմբերը կլինի սովորականից տաք․ այս մասին հայտնել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ ներկայացնելով դեկտեմբեր ամսվա եղանակակլիմայական պայմանների կանխատեսումը։

«Դեկտեմբերը կլինի սովորականից տաք, օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, իսկ տեղումների քանակը կլինի նորմայից ավել։

Հենց ամսվա սկզբին՝ դեկտեմբերի 1-2-ին, մեր երկիրը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում, շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, իսկ նախալեռնային և հովտային գոտում անձրևի տեսքով։

Հ․Գ․ Տաք դեկտեմբեր ասելով, պետք չէ հասանալ, որ ողջ ամիսը անդադար լինելու է տաք՝ առանց ջերմաստիճանային անկումների։ Տաք դեկտեմբեր ասելով պետք է հասկանանք, որ ամսվա ընթացքում օրերի գերակշիռ մասը անցնելու է նորմայից բարձր ջերմային ֆոնով, սակայն առանձին օրերին, պայմանավորված արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցման հետ, հնարավոր է և ջերմաստիճանի նկատելի նվազում»,- գրել է Սուրենյանը։