29 նոյեմբեր, 2019 11:41

Միհրան Պողոսյանի նկատմամբ ՌԴ-ում կիրառված տնային կալանքը վերացվել է

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ Ռուսաստանում ընտրված խափանման միջոցը՝ տնային կալանքը, վերացվել է․ այս մասին գրում են ռուսաստանյան և հայաստանյան լրատվամիջոցները, տեղեկությունը հաստատել են ՀՀ դատախազությունում։

Ապրիլի կեսին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնեց, որ քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ «հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ»։

Մոտ մեկ շաբաթ անց Միհրան Պողոսյանը ձերբակալվեց Ռուսաստանի Դաշնության Կարելիայի Հանրապետությունում ռուս իրավապահների կողմից։ 

Հունիսի սկզբին ռուսաստանյան stolicaonego.ru կայքը տեղեկացրեց, որ ՌԴ Պետրոզավոդսկ քաղաքի դատարանը մեկուսարանից ազատ է արձակել ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա համար տնային կալանք է սահմանվել։

Օգոստոսին ՀՀ դատախազությունը հայտնեց, որ Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը ՌԴ գլխավոր դատախազությունը հնարավոր չի համարել։