1 դեկտեմբեր, 2019 17:36

Պետություն, ապահովի՛ր ազատ տեղաշարժի իմ սահմանադրական իրավունքը

Այսօր ամենաարդիական հարցերից մեկը հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժման խնդիրն է: Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում տեղաշարժվելու համար տրանսպորտը հարմարեցված չէ:

2015-ին Երևանի քաղաքապետարանը  շահագործման հանձնեց 10 հարմարեցված ավտոբուս, որոնք, սակայն, քաղաքի համար բավականին քիչ են:

Հիմա Երևան քաղաքում կա 41 հարմարեցված ավտոբուս, որոնց ես այդպես էլ չհանդիպեցի: Ինչպ՞ես կարող են հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված ավտոբուսները գործել մեկ ուղղությամբ և մի՞թե հաշմանդամություն բոլոր ունեցող անձինք ապրում կամ աշխատում են մեկ ուղղության վրա:

Ամենակարևորագույն խնդիրներից է նաև որևէ ծրագրի բացակայությունը, որը թույլ կտա հետևել կամ հասկանալ, թե արդյոք տվյալ ճանապարհահատվածում արդյոք գործում է նմանատիպ հարմարեցված ավտոբուս, թե ոչ: 

Կարևորագույն հարցերից է վարորդների ոչ պատրաստակամ և անհանդուրժող պահվածքը, քանի որ տեղաշարժման խդիրներ ունեցող ուղևորներին սպասարկելը ժամանակատար է և որոշակի դժվարություններ է առաջացնում:

Մի՞թե Հայաստանում մենք այնքան ենք վարձատրվում, որ շրջենք տաքսիներով կամ գնենք մեքենա ու տեղաշարժվելու մասին չմտածենք: Զարգացած բոլոր երկրներում այս հարցը շատ խիստ վերանայվում է, իսկ մեր երկրում կարելի է ասել՝ ուշադրություն են դարձնում այն դեպքում, երբ մարդիկ սկսում են բողոքի ցույցեր անել կամ մի ինչ-որ կազմակերպություն, որը ցանկանում է ուշադրություն գրավել իր կողմը, դիմում է որոշ պաշտոնատար անձանց և առաջարկում իրենց ծրագիրը ֆինանսաորվել, որը երբեմն նպատակահարմար չէ կարևորագույն հիմնային խնդրների լուծման համար:

Ժամանակն է, որ կառավարությունը լուրջ վերաբերմունք ցուցաբերի այս խնդրի լուծմանը,  քանի որ մենք էլ ունենք մեր իրավունքները և ունենք ողջ քաղաքով, էլ չասեմ՝ հանրապետությունով տեղաշարժվելու անհրաժեշտություն՝ ինքներս մեզ հասարակության լիարժեք անդամ զգալու համար:

Ես, ինչպես և դուք՝ բոլորդ, ունեմ Հայաստանի Հանրապետությունում ազատ տեղաշարժվելու իրավունք՝ Սահմանադրությամբ ամրագրված։ 

Եվ ակնկալում եմ իմ պետությունից ապահովել իմ ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքը։

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: