2 դեկտեմբեր, 2019 13:28

Առողջության համապարփակ ապահովագրություն. ինչ է պետք իմանալ հայեցակարգի մասին

Վերջին օրերին բուռն քննարկվում է առողջապահության նախարարության ներկայացրած հայեցակարգը Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրություն ներդնելու մասին։ Ըստ այդմ՝ նախատեսվում է սահմանել առողջության հարկ՝ աշխատավարձի 6 տոկոսի չափով։ ՍիվիլՆեթը 50 էջանոց հայեցակարգից առանձնացրել է որոշ կարևոր կետեր։

Առողջության համապարփակ ապահովագրության նպատակներն են․ 

- ապահովել բնակչության հիմնական բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ֆինանսական հասանելիությունը և պաշտպանվածությունը,

- բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների դիմաց կատարվող աղետալի ծախսերի կրճատումը և դրա հետևանքով աղքատացող բնակչության թվաքանակի կրճատումը,

- առողջապահության բնագավառում ծախսվող գումարների արդյունավետության և նպատակայնության մակարդակի բարձրացումը,

- բուժօգնության որակի բարելավումը

Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման նպատակներին հասնելու համար առաջարկվում է․

- կիրառել առողջության հարկ, 

- պետական ծախսերի մեջ ավելացնել առողջապահությանը հատկացվող  չափաբաժինը, 

- սահմանել ծառայությունների փաթեթների ձևավորման հստակ սկզբունքներ բնակչության բոլոր խմբերի համար, 

- ձևավորել հիմնադրամ, որը պետք է ապահովի ապահովագրության համար հավաքագրվող գումարների հաշվարկման և ծախսման արդյունավետ մեխանիզմների կիրառումը, 

- բարելավել առողջապահական համակարգի կառավարումը, 

- ուժեղացնել առողջության առաջնային պահպանման օղակը:

Ապահովագրական ծածկույթը կընդգրկի ամբողջ բնակչության համար սահմանված հիմնական ծառայությունների փաթեթ (ՀԾՓ), որը կտարբերվի ըստ բնակչության սեռատարիքային խմբերի առանձնահատկությունների։

ԱՀԱ օրենքով կսահմանվեն ապահովագրական փաթեթում ընդգրկվող հիմնական ծառայությունները և բնակչության խմբերը։ Հիվանդությունների և վիճակների ցանկերը, ծառայությունների շրջանակներում տրամադրվող բուժօգնության ծավալները կհաստատվեն Կառավարության կողմից՝ առողջապահության նախարարության ներկայացմամբ և Հիմնադրամի խորհրդի համաձայնությամբ: 

Հաշվարկված և կանխատեսվող տարեկան ապահովագրական ծածկույթի ծախսը 1 շահառուի հաշվով կազմում է 77 274 դրամ:

Ապահովագրական ծածկույթի համար պահանջվող ծախսերի փոխհատուցումը կիրականացվի երկու հիմնական աղբյուրներից՝ պետական բյուջեի ընդհանուր եկամուտներից և առողջության հարկից: 

Անկախ բնակչության որևէ խմբին պատկանելուց՝ ԱՀԱ ներդրման պահին աշխատող և ինքնազբաղված քաղաքացիները կվճարեն առողջության հարկ:

ԱՀԱ ներդրման պահին պետական բյուջեի «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատակիցների բժշկական օգնության ծառայություններ» միջոցառման շահառու հանդիսացող և աշխատող քաղաքացիների համար կսահմանվի անցումային դրույթ, որի ընթացքում նախատեսված բյուջետային գումարների շրջանակներում կապահովվի առողջության հարկի սուբսիդավորում ամսական կտրվածքով՝ մեկ աշխատողի հաշվով տվյալ ծրագրում առկա գումարի չափով:

Կանխատեսվում է, որ ԱՀԱ ներդրումից հետո կշարունակվի վճարովի ծառայությունների մատուցումը, ինչպես ուղղակի բնակչությանը, այնպես էլ կամավոր ապահովագրական ընկերությունների միջոցով՝ հիմնական ծառայությունների փաթեթում չընդգրկված և չփոխհատուցվող բժշկական ծառայությունների համար։

Արտահիվանդանոցային դեղերի ապահովման համար կսահմանվի նվազագույն փաթեթի արժեք։

Դեղերի փաթեթի արժեքի հատուցումը կիրականացվի Հիմնադրամի կողմից: 

ԱՀԱ ներդրման հիմնական արդյունքը հիվանդացության և մահացության ցուցանիշների բարելավումն է, առողջական խնդիրների հետևանքով հաշմանդամության դեպքերի նվազումը, ինչը կնպաստի մարդկային կապիտալի կայուն զարգացմանը և տնտեսության աճին:

Տե՛ս նաև՝ Արսեն Թորոսյանը ներկայացրել է՝ ինչպես է տեսնում բժշկական համապարփակ ապահովագրությունը

Լուսինե Վարդանյան