2 դեկտեմբեր, 2019 18:29

Ընտրություններ Արցախում․ ինչ պետք է իմանալ

2020-ի ապրիլին Լեռնային Ղարաբաղում տեղի են ունենալու խորհրդարանական և նախագահական ընտրություններ։ Ընտրություններից հետո Արցախում ամբողջությամբ ուժի մեջ կմտնի նոր Սահմանադրությունը, որն ընդունվել է 2017-ի փետրվարին։ 

Ինչո՞ւ են երկու ընտրություններն անցկացվում միաժամանակ

Արցախում 2017-ի փետրվարին հանրաքվեով փոխվեց Սահմանադրությունը, կառավարման կիսանախագահական համակարգից անցում կատարվեց նախագահական համակարգի։ Վերացվեց վարչապետի ինստիտուտը, նախագահը դարձավ նաև կառավարության ղեկավար։

Արցախում գործող խորհրդարանի ժամկետն ավարտվում է 2020-ի ապրիլին։ Ըստ Սահմանադրության՝ մինչև գործող խորհրդարանի ժամկետի ավարտը նախագահը պետք է ընտրվեր խորհրդարանի կողմից։ Խորհրդարանը նախագահ ընտրեց երկրորդ և վերջին ժամկետն ավարտող Բակո Սահակյանին։ 

Ինչո՞ւ Արցախում փոխեցին Սահմանադրությունը

2015-ի դեկտեմբերին Հայաստանում Սերժ Սարգսյանը փոխեց Սահմանադրությունը՝ կիսանախագահական համակարգից երկիրը տանելով դեպի խորհրդարանական կառավարման։ Չնայած իր խոստմանը, որ այլևս չի հավակնելու երկրի ղեկավարի պաշտոնին, Սերժ Սարգսյանը 2018-ի ապրիլին նախագահության երկրորդ ժամկետի ավարտից հետո խորհրդարանի կողմից ընտրվեց վարչապետ։ Հայաստանում սկսված բողոքի հուժկու շարժման արդյունքում մի քանի օր անց նա հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից։

Սերժ Սարգսյանի օրինակով՝ Արցախում Սահմանադրությունը փոխեց նաև Բակո Սահակյանը՝ ձգտելով մնալ իշխանության ղեկին։ 2017-ի փետրվարին Արցախում ընդունված Սահմանադրության համաձայն՝ Սահակյանը անցումային փուլում երեք տարի նախագահելուց բացի՝ հնարավորություն էր ստանալու ևս երկու անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում ու Արցախը ղեկավարել մինչև 2030-ը։ Հայաստանում 2018-ի գարնան Թավշյա հեղափոխությունից հետո Ստեփանակերտում ամռանը նախագահի հրաժարականը պահանջող բողոքի ցույցերի արդյունքում Բակո Սահակյանը հայտարարեց, որ չի առաջադրվելու 2020-ի նախագահական ընտրություններում։

Հատկանշական է, որ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի Սահմանադրությունների գլխավոր հեղինակներից է Հրայր Թովմասյանը՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի ներկա նախագահը։

Ովքե՞ր են հավակնում Արցախի նախագահի պաշտոնին

Արցախի նախագահի պաշտոնի համար առաջադրվել է նախկին վարչապետ և Ազգային ժողովում ամենամեծ խմբակցությունն ունեցող «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը, Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավար և Ազգային ժողովի գործող նախագահ Աշոտ Ղուլյանը, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, Արցախի հերոս և Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Արցախի նախագահի պաշտոնին հավակնում է նաև Արցախի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության հիմնադիր Հայկ Խանումյանը, «Անկախության սերունդ» կուսակցության ղեկավար Ռուսլան Իսրայելյանը։

Արցախի պատմության մեջ առաջին անգամ նախագահի պաշտոնին առաջադրվել է կին թեկնածու՝ Քրիստինե Բալայանը։

ՀՅԴ-ն առայժմ հայտարարություն չի արել՝ արդյոք մասնակցելու է ընտրություններին, սեփական թեկնածուով է գնալու նախագահական ընտրություններին, թե աջակցելու է որևէ այլ թեկնածուի։

Արցախի բանակի նախկին հրամանատար, նորաստեղծ «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանին հնարավորություն չի տրվել մասնակցելու նախագահական ընտրություններին վերջին հինգ տարում Արցախի քաղաքացիություն և մշտական բնակություն ունենալու պահանջը չբավարարելու համար։ Բաբայանը հավաքել էր անհրաժեշտ թվով ստորագրություններ՝ Սահմանադրության այդ դրույթը փոխելու համար, սակայն պահանջը մնացել է անփոփոխ։ Թեպետ Սամվել Բաբայանը նախագահի պաշտոնին չի կարող հավակնել, սակայն եթե նրա ղեկավարած քաղաքական ուժը շատ տեղեր զբաղեցնի 33 հոգանոց խորհրդարանում, ապա կարող է էական դեր ունենալ քաղաքական հետագա գործընթացներում։

Առաջադրումների վերջնաժամկետը 2020-ի փետրվարն է։ Մինչ այդ հնարավոր են դաշինքներ և նոր առաջադրումներ։

Ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանի կառավարությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ գործչի կամ կուսակցության բացահայտ հրապարակային աջակցություն չի հայտնել։ Կիրակի Փաշինյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, նրանք կարևորել են «Արցախում առաջիկա ընտրությունների ազատ և թափանցիկ կազմակերպումը»։ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև նախագահի պաշտոնին առաջադրված թեկնածուներից Արայիկ Հարությունյանի, Աշոտ Ղուլյանի և Մասիս Մայիլյանի հետ։

․․․

Արցախում կա գրանցված 27 կուսակցություն։ Ակնկալվում է մինչև 15 կուսակցության մասնակցություն։

Կարեն Հարությունյան

/շարունակելի/

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի