2 դեկտեմբեր, 2019 11:19

Լավրովը Բաքվում կքննարկի ղարաբաղյան հարցն ու իշխանության փոխանցումը Ադրբեջանում

Այսօր մեկնարկում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի երկօրյա պաշտոնական այցը Բաքու, որի շրջանակում նախատեսվում են նրա հանդիպումները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ։

Ինչպես տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ-ն, բանակցությունների ընթացքում, ի թիվս այլ հարցերի, նախատեսվում է ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումը։ Անցած շաբաթ ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի լրագրողների փոխայցերը, ինչպես նաև այլ մարդասիրական գործողությունները, որոնք նպաստում են «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» գործընթացին։

Ադրբեջանցի քաղաքագետ, ընդդիմադիր Արիֆ Յունուսովը Սիվիլնեթի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Լավրովի առաջիկա այցի ժամանակ քննարկվելու է նաև Ալիևների ընտանիքի ներսում իշխանության փոխանցման հարցը։

Ադրբեջանում էլ վաղ թե ուշ կլինի իշխանափոխություն՝ սոցիալական պայթյունի արդյունքում․ Արիֆ Յունուսով

Ռուսաստանի արտգործնախարարի՝ Բաքու այցից հետո՝ դեկտմեբերի 4-ին, Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։

Նոյեմբերի կեսին Սերգեյ Լավրովը այցելել էր Հայաստան։ ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի հետ մամուլի ասուլիսին նա հայտարարել էր, որ «առանց ԼՂ ժողովրդի համաձայնության հնարավոր չէ ձևակերպել որևէ պայմանավորվածություն»։

Ստելլա Մեհրաբեկյան