3 դեկտեմբեր, 2019 14:09

Հուսով եմ` վաղը կբացենք առարկայական բանակցությունների նոր փուլ․ Մամեդյարով

Բաքվում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ դեկտեմբերի 3-ի ասուլիսին Մամեդյարովը նշել է, որ մանրամասն քննարկել են Լեռնային Ղարաբաղի խնդիրը։

Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք Բրատիսլավայում հայտարարություն ընդունվելու է, պատասխանել է Սերգեյ Լավրովը.

«Ամեն տարի ԵԱՀԿ Նախարարների խորհրդում ձգտում ենք արձանագրել թղթի վրա հավատարմությունը հիմնարար սկզբունքներին, որոնք հավանության են արժանացել կողմերի կողմից արդեն երկար տարիներ առաջ և պահպանում են իրենց կենսունակությունն ու արդիականությունը։ Եվ, եթե հաջողվի, մենք կցանկանայինք ընդունել հնգակողմ հայտարարություն՝ երկու նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախարարների մասնակցությամբ։ Եթե ինչ-ինչ պատճառներով դա հնարավոր չլինի, այնուամենայնիվ երեք համանախագահներն իրենց դիրքորոշումը թղթի վրա կարտահայտեն։ Սակայն հուսով եմ, որ դա կլինի հնգակողմ հայտարարություն»։

Մնացականյանի հետ իր առաջիկա հանդիպման մասին Մամեդյարովն ասել է․ «Ակնկալիքն այն է, որ մենք պետք է առաջ շարժվենք, ամեն ձևով նպաստենք առաջընթացին, այն ստատուս քվոն, որ ձևավորվել է, ոչ մեկին ձեռնտու չէ»։

Խոսելով Լավրովի հետ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների մասին՝ Մամեդյարովը նշել է, որ այն շատ լուրջ խնդիր է ինչպես Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների ձևաչափում, այնպես էլ բազմակողմ ձևաչափում, քանի որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է։

«Մենք բացարձակապես վստահ ենք, որ հարկավոր է առաջ շարժվել, քանի որ գոյություն ունեցող այն իրավիճակը՝ ոչ խաղաղություն, ոչ պատերազմի վիճակը, ոչ մի տեղ չի տանում։ Այո, խաղաղությունը շատ բարդ է, միգուցե հարկավոր է փուլային,- ոչ թե միգուցե, այլ ավելի շուտ,- փուլային տարբերակը, որ կմաքրի բանակցությունների սեղանը ձգձգող տարրերից, և  առաջին հերթին հարկավոր է, ինչպես ասվում է, որ բանակը վերադառնա զորանոցներ և ոչ թե մնա դաշտերում»,- ասել է Մամեդյարովը։

Նրա խոսքով՝  դա հնարավորություն կտա ներքին տեղահանվածներին և փախստականներին վերադառնալ, կապաշրջափակի տնտեսական հնարավորությունները, ճանապարհները։

«Ես կարծում եմ, որ սկզբունքորեն տրամաբանությունն այդպիսին է։ Կարգավորումը պետք է նախևառաջ տեղի ունենա այն կոնտեքստում, որ այդ համագործակցությունը կբերի բարգավաճման»,- ասել է Մամեդյարովը։

Լրագրողների փոխայցի շրջանակում վերջերս Հայաստան և Արցախ այցելած ադրբեջանցի լրագրողներից մեկը հարցրել է, թե ինչպես է Ռուսաստանի արտգործնախարարը վերաբերվում լրագրողների, նաև «Լեռնային Ղարաբաղի հայ և ադրբեջանցի համայնքների միջև շփումներին»։

Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանը եղել է լրագրողների փոխանակման գաղափարն առաջ քաշող երկիրը, և ինքը դրական կվերաբերվի ամեն տեսակի շփման, քանի որ «ի վերջո Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունն է որոշելու իր ապագան»։

Մարիա Եղիազարյան