3 դեկտեմբեր, 2019 10:51

Նիկոլ Փաշինյանը Վիտալի Բալասանյանի գործունեությունը քայքայիչ է համարում, ասել է վարչապետի խոսնակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդիպում են ունեցել Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրել պատրաստվող գործիչների` «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ղեկավար, ԱՀ Ազգային ժողովի գործող նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱՀ արտաքին գործերի գործող նախարար Մասիս Մայիլյանի, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչ, ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը լրատվամիջոցների հետ զրույցում պատասխանել է հարցին, թե արդյոք Վիտալի Բալասանյանը ևս հրավիրվել էր հանդիպմանը:

«Ոչ, Բալասանյանը չի հրավիրվել նշված հանդիպմանը: Նման մոտեցման պատճառն այն է, որ մայիսի 20-ին ունեցած իր ելույթի համատեքստում, Հայաստանի վարչապետի համար կարևոր է, որ Արցախի մեր սիրելի հայրենակիցները իմանան, որ ՀՀ վարչապետը և նրան աջակցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Վիտալի Բալասանյանի վերջին ամիսներին ծավալած գործունեությունը Հայաստանի և Արցախի ազգային անվտանգության տեսակետից համարում են քայքայիչ»,- «Հայկական ժամանակի» փոխանցմամբ՝ ասել է Կարապետյանը։

Բալասանյանը իր մի շարք հայտարարություններում մեղադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը Հայաստանն ու Արցախը կործանման տանելու համար։