4 դեկտեմբեր, 2019 11:37

Անհնար է Սփյուռքի միասնական մարմին ստեղծել

Նարեկ Սէֆէրեանը

Նարեկ Սէֆէրեան

Վերջերս ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Սիվիլնեթի հետ հարցազրույցում շոշափեց «ամբողջ սփյուռքի միասնական մարմին ունենալու» գաղափարը: Նման միտք անցյալում էլ է հնչել, օրինակ 2010-ին` լոսնաջելեսահայ հայտնի սյունակագիր Հարութ Սասունյանի եւ նախկինում ավելի աշխույժ գիտական խմբակ Policy Forum Armenia-ի կողմից:

Այդ գաղափարն ինչքան էլ արտացոլի ազգային միասնականության զգացմունքը, իրականում բնավ իրատեսական չէ, մի քանի պատճառով: 

Առաջին. հայկական սփյուռքը մեկ միասնական երեւույթ չէ, որպեսզի ունենա իմաստ կրող միասնական մարմին: Ծայրահեղորեն բազմազան հայ անհատներ եւ հայկական կազմակերպություններ գոյություն ունեն: Բազմաշերտ են աշխարհագրական, լեզվական, կրոնական, գաղափարախոսական, ընդգրկվածության, եւ շատ ու շատ այլ առումներով: Չի պարփակվի:

Երկրորդ. կազմակերպված սփյուռքյան կառույցներն իրենք իսկ միասնական կամ ներկայացուցչական չեն: Սփյուռքի պատկառելի եւ իսկապես հարգելի մարմիններ առհասարակ աշխատում են փոքր խմբերի եւ անձերի նեղ շրջանակների միջոցով: Նրանց որոշումները՝ լինեն շատ դրական կամ ոչ, չեն անցնում թափանցիկ գործընթացներով: Ներկայացուցչական միասնական մարմին ստեղծել նման տարրերով գործնականում հնարավոր չէ, ինչքան էլ ի սրտե (առանց որեւէ հեգնանքի) սիրվեն տվյալ համայնքի ղեկավարները:

Երրորդ. չկան հայկական սփյուռքի վստահելի ժողովրդագրական տվյալներ: Պարզապես գոյություն չունեն թվերը: Դրանք կազմելը բարդ եւ գրեթե միշտ անհնարին են: Ո՞վ է հայը, ճիշտ որտե՞ղ է, ինչպե՞ս սահմանել ու հաշվել: Չկա սփյուռքի մասնիկները ինքնավստահորեն սահմանազատելու ձեւը: Միասնական մարմին կյանքի կոչելու կարեւոր գործիք բացակայում է:

Այս ամենը չի նշանակում որ ՀՀ-Սփյուռք որեւէ առնչություն ունենալու ոճ չկա:

Կառավարության համար ամենաիմաստալի ուղղությունը դեպք-առ-դեպք, խնդիր-առ-խնդիր մոտեցումն է: Կան հայ անհատներ եւ կազմակերպություններ Հայաստանից դուրս՝ որոշները փոքր, որոշները մեծ, որոշները ցանցային, որոշները խիստ տեղական: Բոլորն ուշադրության արժանի են: Բոլորի հետ կարելի է ինչ-ինչ ծրագրեր իրականացնել, ըստ երկկողմանի պահանջների եւ պատասխանատվության:

Եւ տեղական պայմանների նրբություններին համապատասխան: Օրինակ, պոլսահայ համայնքի որեւէ անդամ արդյոք կարո՞ղ է իրեն պատկերացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հետ բացեիբաց մշտական պաշտոնական հարաբերությունների մեջ: Գուցե ոմանք՝ այո, բայց մեծամասնաբար՝ հաստատ ոչ: Ամբողջականության կամ ներկայացուցչականության մասին խոսք այստեղ չի կարող լինել:

Կարելի է նաեւ ավելի մեծ ծավալով ծրագրեր իրականացնել, ինչպես եւ տեղի են ունեցել: Պարոն Սինանյանը նշեց, որ եկող տարի պատրաստվում է Հայաստան-Սփյուռք համաժողով, ինչը զանազան առավել աշխույժ եւ կարող անհատների եւ կառույցների ի մի գալու առիթ կլինի: Այդպիսի լայն ծրագրեր կարող է Հայաստանի կառավարությունը շարունակաբար նախաձեռնել եւ համակարգել:

Հայաստանի կառավարությունը անցյալում նաեւ եղել է շփվելու հարթակ, որով սփյուռքյան մարմիններ եւ անհատներ իրար հետ կապեր են հաստատել եւ ամրապնդել: Դա եւս իրատեսական գործառույթ է, որին կարելի է խթան տալ:

Հայաստանի Հանրապետությունը կարող է սփյուռքի անհատների, կառույցների, եւ համայնքների համար պետական-պաշտոնական ձայնը լինել, ուր եւ երբ որ դրա կարիքը լինի: Օրինակ, Միացյալ Նահանգների տեղական կամ նահանգային օրենսդիր մարմիններում հանդիպումների ժամանակ Հայաստանի դեսպանի կամ հյուպատոսի ներկայությունը այլ մակարդակի է բերում գործընթացները: Կամ էլ, երբ Իսրայելում հայ եկեղեցու պատկանող գույքը օտարվելու վտանգի տակ է լինում, ՀՀ ԱԳՆ-ից մտահոգություն հայտնելը ինչ-որ չափով աջակցություն է, որը համայնքին որոշակի կշիռ է օժտում:

Վերջապես, Հայաստանի կառավարությունը կարող է ունենալ իր տեւական գործընկերներային կապերը սփյուռքի տարբեր համայնքներում՝ անհատների կամ կազմակերպությունների հետ: Եթե դրանց մի մասն ուզում է մեկտեղել որպես կանոնավոր համաժողով կամ կառավարության կողմից ընտրյալների խորհուրդ կամ այլ ձեւաչափով, նման մշտական խորհրդակցություններ եւս արդյունավետ կարող են լինել: ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին առընթեր կարելի է ունենալ սփյուռքյան գործիչների մշտական խորհրդակցական մարմին, որի գաղափարները, արձագանքները եւ միջամտությունները իմաստ կունենան այս կամ այն ծրագրի ձեւավորման, իրականացման կամ լուծարման գործում:

Իրատեսական լինենք, սակայն նաեւ հաշտվենք այն փաստի հետ, որ այդպիսի մարմին երբեք չի կազմվի ամբողջաբար կամ ներկայացուցչաբար: Եթե տեսնենք, թե ովքեր են, օրինակ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուները, կարելի է այդ խմբին անվանել բավական ընդգրկուն, բայց ոչ երբեք «ամբողջ սփյուռքի միասնական մարմին»: Հնարավոր չէ ստեղծել միասնական, իսկապես համապարփակ մարմին, որը կներառի եւ կներկայացնի ամբողջ հայկական սփյուռքը:

Նարեկ Սէֆէրեանի գրությունները հասանելի են naregseferian.com կայքում:

Լուսանկարում՝ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսի Գրանդ Փարքում հրավիրված հանրահավաքին, 23․09․2019թ․։