4 դեկտեմբեր, 2019 09:03

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանի ու Արցախի արտգործնախարարների հետ

Դեկտեմբերի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանին և Մասիս Մայիլյանին, հաղորդում է վարչապետի կայքը։

Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի և Արցախի համագործակցությանն առնչվող հարցերի՝ այդ համատեքստում կարևորելով նմանօրինակ պարբերական հանդիպումների անցկացումն ինչպես իրականացված համատեղ աշխատանքն ամփոփելու, այնպես էլ՝ հետագա անելիքները նախանշելու առումով:

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել ԼՂ կարգավորման գործընթացում առկա զարգացումների շուրջ:

Վարչապետն առանձնահատուկ կարևորել է Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների ներգրավումը խաղաղ կարգավորման գործընթացում՝ որպես վերջինիս արդյունավետության բարձրացման գործուն միջոց:

Անդրադարձ է կատարվել նաև Բրատիսլավայում կայանալիք ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակում նախատեսվող միջոցառումներին և հանդիպումներին:

***

Բրատիսլավայում այսօր նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նստաշրջանի ընթացքում։ 

Նախօրեին Բաքվում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ հանդիպման արդյունքներով կընդունվի հնգակողմ հայտարարություն՝ երկու արտգործնախարարների, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ։

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն էլ հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կսկսվեն առարկայական բանակցություններ։

#CivilNet #News