4 դեկտեմբեր, 2019 13:10

Քաղաքապետարանը պարզաբանում է՝ ինչու չի կառուցվում Ծառուկյանի հյուրանոցը

Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ»-ին Երևանի Աբովյան փողոցում հյուրանոց կառուցելու շինթույլտվություն տրամադրել է նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, սակայն դրա տրամադրումից  3 օր անց հարևան շինության ղեկավարը դիմել է Վարչական դատարան՝ ընդդեմ Ծառուկյանի կողմից նոր հյուրանոցի կառուցման։ Դատարանը հայցն ընդունել է վարույթ ու Մարգարյանի տրամադրած շինթույլտվությունը կասեցվել է։ Մեկնաբանելով Ծառուկյանի կողմից Երևանի կենտրոնում հյուրանոցի կառուցման կասեցումը, այպես է ներկայացրել վիճակը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ 

«Բայց մեր հարգարժան կառուցապատողները, ինչպես ցանկացած շուստրի տղա, փորձել է շրջանցել կարգն ու օրենքը և իրականացրել է այդտեղ կառուցապատում։ 2018-ի հունիս-հուլիս ամիսներին, երբ կար ընկալում, որ խառն է իրավիճակը, շինարարությունը ինտենսիվորեն ընթանում էր»,-նշել է Կարապետյանը։ Կառուցապատող ընկերությունն ապօրինի շինարարության համար երկու անգամ  տուգանվել է քաղաքապետարանի կողմից, առաջին անգամ տուգանքը կազմել է 200.000 դրամ, իսկ երկրորդ անգամ՝ 2 միլիոն դրամ։ «Երկրորդ տուգանքից հետո գործերն ուղարկվել են իրավապահ մարմիններն, որ քննվի ու հիմքերի առկայության դեպքում քրեական գործ հարուցվի»,-ասել է Մարությանի խոսնակը։


Մկրտիչ Կարապետյան