5 դեկտեմբեր, 2019 10:56

Արտգործնախարարները կարևորել են հասարակությունների ուղիղ ներգրավվածությունը

Հայաստանի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ Բրատիսլավայում կայացած հանդիպման մասին։

«Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հրադադարի ամրապնդման, վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման, ինչպես նաև հաջորդ տարվա սկզբին համատեղ աշխատանքը շարունակելու ծրագրերը։ 

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածությունների շրջանակում արձանագրված համեստ արդյունքը՝ Հայաստանի, Արցախից և Ադրբեջանից լրագրողների փոխանակման ծրագրի իրականացման միջոցով։ Դիտարկվեց այդ համատեքստում լրագրողների, հասարակությունների միջև նմանօրինակ ուղիղ ներգրավվածության շարունակման հնարավորությունը: Միաժամանակ ընդգծվեցին վստահության ամրապնդման այլ միջոցառումների ներդրման կարևորությունը:

Անդրադառնալով նախօրեին Արցախի ԱԳ նախարարի հետ Երևանում ունեցած հանդիպմանը՝ նախարար Մնացականյանը ևս մեկ անգամ ընդգծեց Արցախի իշխանությունների ուղիղ նեգրավման անհրաժեշտությունը, հատկապես կարգավորման բովանդակային հարցերի շուրջ»:

Տե՛ս նաև՝ Արտգործնախարարների հանդիպումը տևել է 3,5 ժամ, պայմանավորվել են հանդիպել հաջորդ տարվա սկզբին

Հանդիպումից մեկ օր առաջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում իր պաշտոնակցի հետ ասուլիսին հույս էր հայտնել, որ հանդիպման արդյունքներով կստորագրվի երկկողմ կամ հնգակողմ հայտարարություն։

«Ամեն տարի ԵԱՀԿ Նախարարների խորհրդում ձգտում ենք արձանագրել թղթի վրա հավատարմությունը հիմնարար սկզբունքներին, որոնք հավանության են արժանացել կողմերի կողմից արդեն երկար տարիներ առաջ և պահպանում են իրենց կենսունակությունն ու արդիականությունը։ Եվ, եթե հաջողվի, մենք կցանկանայինք ընդունել հնգակողմ հայտարարություն՝ երկու նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախարարների մասնակցությամբ։ Եթե ինչ-ինչ պատճառներով դա հնարավոր չլինի, այնուամենայնիվ երեք համանախագահներն իրենց դիրքորոշումը թղթի վրա կարտահայտեն։ Սակայն հուսով եմ, որ դա կլինի հնգակողմ հայտարարություն»,- ասել էր Լավորվը։

Տե՛ս նաև՝  Հուսով եմ՝ կլինի հնգակողմ հայտարարություն․ Լավրով

Առայժմ որևէ հայտարարության մասին հաղորդագրություն չի եղել։

#CivilNet #News