5 դեկտեմբեր, 2019 17:01

Կադաստրի կոմիտեն նոր ղեկավար ունի

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել Սուրեն Թովմասյանին նշանակել է Կադաստրի կոմիտեի ղեկավար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Սուրեն Թովմասյանի թեկնածությունն առաջադրվել է կառավարության նախաձեռնության՝ «կադրերի բանկի» միջոցով։ «Այս ընթացքում բավականաչափ նշանակումներ այդ մեխանիզմով արվել են: Սկզբնական շրջանում մենք խնդիր ունեինք ահռելի քանակությամբ ինֆորմացիայի մշակման հետ կապված: Հիմա արդեն նաև մեխանիզմ ենք ստեղծել, թե ինչպես պետք է այդ համակարգն աշխատի»,-ասել է վարչապետը:

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Սուրեն Թովմասյանին Կադաստրի կոմիտեի ղեկավար նշանակելու կառավարության որոշումը շատ ուրախալի ու ողջունելի է։ Նախ այն պատճառով, որ կառավարությունը հետ չբերեց համակարգի նախկին կոռումպացված ու անհոգի "ոլորտի լավագույն մասնագետների", բայց հատկապես այն պատճառով, որ Սուրենի նշանակումը շատ լավ պատասխան (եթե ոչ ապտակ) է "կադաստրը գրանցող մարմին է միայն" դիլետանտական միտքը արտահայտողներին։

Կարծում եմ, սրանում նաեւ մենք ունենք մեր "մեղքը", որ կարողացանք կադաստրին հանել պարզապես անշարժ գույքի ռեգիստրի կարգավիճակից։ Հույս ունեմ, որ էլ ավելի հետեւողական կերպով այդ ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն»։

#CivillNet #News