5 դեկտեմբեր, 2019 16:53

Հնարավորություն կտրվի աջ ղեկով մեքենաներ ներկրել, ղեկը փոխել Հայաստանում

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում,  որով մաքսային ընթացակարգ է փոխվում աջ ղեկով մեքենաների ներմուծման համար։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Բագրատ Բադալյանը նշել է, որ նոր մաքսային ընթացակարգը հնարավորություն կտա աջ ղեկով մեքենաներն առանց վերասարքավորման ներմուծել Հայաստան ու ղեկային համակարգը փոխել ձախակողմյանի, ապա մաքսազերծելուց հետո դրանք հաշվառել ոստիկանությունում ու ազատ շահագործել ՀՀ տարածքում:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ ընդհանրապես արգելվել էր աջակողմյան ղեկով մեքենաների ներկրումը: Արդյունքում՝ բազմաթիվ քաղաքացիներ Վրաստանի տարածքում են փոխարինել աջակողմյան ղեկային համակարգը ձախակողմյանի:

«Այդ քաղաքացիները ստիպված շատ մեծ գումար են ծախսել Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Հիմա մենք այդ խնդիրը լուծում ենք հետևյալ կերպ. աջակողմյան ղեկով մեքենաներն արգելվում է ներկրել Հայաստանի Հանրապետություն, բայց ժամանակավոր ներկրման ռեժիմով կարող են բերել, ղեկային դիրքը փոխել, որից հետո մեքենան հաշվառվի ու թույլատրվի շահագործել»,– նշել է կառավարության ղեկավարը`արձանագրելով, որ այդ ընթացքում հնարավորություն չեն ունենալու շահագործել, իսկ շահագործելու դեպքում տուգանքներ կլինեն: Վարչապետը նշել է, որ այս որոշմամբ կառավարությունն ընդառաջում է քաղաքացիներին ու հույս հայտնել, որ այն չի չարաշահվի:

Հարցի շուրջ տեղի է ունեցել շահագրգիռ մտքերի շահագիգիռ փոխանակություն, ներկայացվել են կարծիքներ և առաջարկություններ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է վերջնական որոշում կայացնելու համար մանրամասն ուսումնասիրել հարցը՝ հաշվի առնելով բոլոր նրբությունները:

#CivilNet #News