5 դեկտեմբեր, 2019 15:51

Փոխնախարար Լոռեցյանն ու ևս երկու անձ ձերբակալված են 

Կաշառք ստանալու կասկածանքով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդն ու հայկական ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, որոնց ԱԱԾ-ն դեկտեմբերի 4-ին բերման էր ենթարկել, ձերբակալված են: Այս մասին հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը՝ նշելով, որ նրանք կասկածյալի կարգավիճակ ունեն:

Երեկ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ԱԱԾ-ն բերման էր ենթարկել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանին, որը նախարարության կառուցվածքում համակարգում է սպորտի ոլորտը։

ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ նախարարի տեղակալից բացի, բերման են ենթարկվել նաև նրա վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, որը նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարն է:

«Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝  ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար: Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են»,- ասված էր ԱԱԾ հաղորդագրությունում:

Ակումբի սեփականատերը, ինչպես հայտնում է «Հայկական ժամանակը», Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Լոկոմոտիվի» նախագահ Հրաչ Քանանյանն է, որի անունը կապվում է «Կելմե» եւ «Ջիվովա» սպորտային ապրանքանիշների հետ:

Արշալույս Մղդեսյան