5 դեկտեմբեր, 2019 17:58

2020-ի բյուջեն նախատեսում է ավտոմեքենաների ներմուծման հնարավոր անկումը 

Այս տարի Հայաստան ավտոմեքենաների ներմուծման և վերարտահանման ոլորտում, տարբեր գնահատականներով, շրջանառվել է մոտավորապես 300-350 մլն դոլար: Այս մասին ԱԺ-ում այսօր «ՀՀ 2020թ. բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումների ժամանակ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին դիմելով՝ ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Ըստ այդմ՝ նա հարցեր ուղղեց նախարարին. «Գիտենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հայտնի կարգավորումներից հետո էապես կրճատվելու է այդ շրջանառությունը: Արդյոք հաշվարկե՞լ ենք, թե ինչպես է ազդելու այդ շրջանառության անկումը մեր ՀՆԱ-ի և բյուջեի վրա»:

Պատգամավորը ասաց, թե վերջին ամիսներին Հայաստանից աննախադեպ ծավալների գումարներ են փոխանցվել արտերկիր։

«Կա՞ն արդյոք գնահատականներ, թե ինչպես է կապիտալի արտահոսքը ազդել ՀՆԱ-ի և բյուջեի վրա, հաջորդ տարվա բյուջեում հաշվարկվա՞ծ է կապիտալի արտահոսքը, եթե հաշվարկված է՝ ի՞նչ ցուցանիշի մասին է խոսքը»,- երրորդ հարցն ուղղեց պատգամավորը:

Ատոմ Ջանջուղազյանն ընդունց, որ ավտոմեքենաների ներմուծումն ու դրանց վերաարտահանումը բավականին լուրջ գործոն է և հաշվարկված է: Նա նշեց, սակայն, որ հաջորդ տարի նույն ծավալի ներմուծում չի ակնկալվում, և խոշոր հաշվով՝ այդ ռիսկերը չեզոքացված են այն կանխատեսումների մեջ, որոնք ներկայացված են բյուջեի նախագծում։ Խոսքը հարկեր-ՀՆԱ հարաբերկցությունը 0,3 տոկոսով ավելացնելու մասին է:

«Իսկ այնտեղ ներկայացված է կանխատեսում ՀՆԱ-ում ստվերի կրճատման առումով, որը ներկայացված է բյուջի նախագծում: Ինչ վերաբերում է կապիտալի արտահոսքին, ապա այն կանխատեսված է ագրեգացված ցուցանիշներով, որոնք ցույց են տալիս, որ այդ ռիսկերը եւս կառավարելի են»,- ասաց նա:

#CivilNet #News